«Քամու Հարսնացուներ»` ԳԱԿ-ում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում վաղը կայանալու է «Քամու Հարսնացուներ» երաժշտության փառատոնը: Համերգ նվիրված է լինելու գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանին: Այս մասին panorama.am-ին հայտնում են ԳԱԿ-ի մամուլի ծառայությունից: Համերգի ընթացքում ելույթ է ունենալու Շաքե Թադևոսյանը (դաշնամուր), Աննա Մնացականյանը (սոպրանո), Մարինե Կարոյանը (դաշնամուր), Արեգ Սարգսյանը (դաշնամուր), Արմեն Մեսրոպյանը (թավջութակ):
Կլարա Շումանի ( (1819-1896 թթ հայրը՝ դաշնամուրի հայտնի ուսուցիչ Ֆրիդրիխ Վիկը, մտադրություն ուներ իր աղջկան դարձնել վիրտուոզ դաշնակահարուհի։ Դաշնամուրի վրա կատարած մանրակրկիտ աշխատանքը իր արդյունքը տվեց։ Ինը տարեկան հասակում Կլարան նվագում է իր առաջին մենահամերգը։ Հանդիսատեսը ապշած էր։ 19-րդ դարում կանայք չէին զբաղվում իրենց անձնական կարիերայով։ Կլարան դարձավ իր դարի առաջին հայտնի կին դաշնակահարներից մեկը։ Շրջագայել է ամբողջ Եվրոպայում, նվագել է պալատում տարբեր միապետների համար։ Չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով հանդես է եկել Պոլինա Վիարդո-Գարսիայի հետ։ Արժանացել է բոլորի հարգանքին և սիրուն։ Ֆերենց Լիստի հետ մրցույթում ճանաչվել է հաղթող։
Դեռ վաղ տարիքից Կլարայի անբաժան ընկերներից է եղել իր հոր աշակերտներից մեկը՝ Ռոբերտ Շումանը։ Շումանը ապշած էր Կլարայի բարձր կատարողական վարպետության վրա։ Ընկերությ̕ունը գնալով վերածվում է սիրո։ Շումանը խնդրում է Կլարայի ձեռքը, սակայն Ֆրիդրիխ Վիկը այն կտրականորեն մերժում է։ Շուրջ 4 տարի տևած անընդմեջ պայքարից 1840 թվականին նրանք ամուսնանում են։ Ամուսինները կատարել են բազմաթիվ շրջագայություններ Հոլանդիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Գերմանիայի տարբեր քաղաքներում և այլն։
Որպես կոմպոզիտոր գրել է 4 պոլոնեզ դաշնամուրի համար, տարբեր կապրիսներ և վալսեր դաշնամուրի համար, վարիացիաներ Ռոբերտ Շումանի թեմայով, տարբեր երգեր, տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան