Հրատարակվելու է Համո Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում Համո Սահյանի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով մեկնարկում են ականավոր գրողի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Նշենք, որ այսօր Համո Սահյանի ծննդյան օրը այսօր է:
Ապրիլի 15-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստատեսությունը կնկարահանի «Համո Սահյան. Քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը, իսկ «Սյունաց երկիր» թերթը կթողարկի հատուկ համար` նվիրված Համո Սահյանին:
Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը նախատեսել է տարվա ընթացքում անցկացմել մի շարք միջոցառումներ:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել է Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը: Տուն-թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
2014 թվականի ընթացքում Երևանի, Սյունիքի և հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի կունենան պոզիայի երեկոներ, Սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ` նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին: