Մեծությամբ երկրորդ՝ միջնադարյան խաչքարային դաշտն ավերվում է (լուսանկարներ)
Կոտայքի մարզի Առինջ գյուղի խաչքարերն ունեն պահպանության խնդիր՝ նախ և առաջ պարսպապատ չեն: Այս մասին Panorama.am-ին ասաց Առինջի գյուղապետի տեղակալ Սամվել Մեսրոպյանը:
«Մենք հետևում ենք, բայց քանի որ տարածքը մեծ ու ցանկապատված չէ, պահպանելու ոչ մի արդյունավետ միջոց չունենք: Հսկողության կարգով ինչ կարողանում ենք, անում ենք, պարբերաբար սանիտարական մաքրում ենք անում»,- ասաց նա:
Ապա նաև հավելեց, որ տարածքն առանց խոչընդոտի մուտք են գործում և մարդիկ, և անասունները: Նա նաև նշեց, որ խաչքարերը դարերի պատմություն ունեն ու նույնիսկ քամուց վայր են ընկնում, այսինքն ոչ բոլոր դեպքերում են հուշարձանները վնասվում, կոտրտվում միտումնավոր:
«Բազմիցս դիմել ենք պետական տարբեր ատյանների: Մինչև չցանկապատվի, հնարվոր չէ պահպանել, իսկ համայնքային բյուջեն այդքան գումար չունի: Նույնիսկ եթե պահակ լինի, չի կարող ամբողջ տարածքը հսկել»,- նշեց գյուղապետի տեղակալը:
Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնադարյան գերեզմանոցը հարուստ է բազմաթիվ բացառիկ խաչքարերով: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:
Նշենք, որ օրեր առաջ հնագետ Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել ու հրապարակել լուսանկարներ. «Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է: Խաչքարերի գեղարվեստական արժանիքներով՝ ակնհայտորեն առաջինը: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Դա նշանակում, է, որ այստեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն: Ու՞ր են պատասխանատուները, ու՞ր են մեր ժառանգությունը թմբակահարող ու նրա դրոշով արտասահմաններից տուն չեկող պաշտոնյաները: Ու՞ր է համայնքը: Ու՞ր է հայ մարդը, որի զավակները դպրոցում սովորում են հպարտանալ մեր անցյալով և մշակույթով: Եվ ո՞րն է տարբերությունը մեր և մեր ժառանգությունն ավերող թշնամիների միջև»:
Ամենևին ավելորդ չէ ասել, որ ահազանգերը սոցցանցերից է սկսվել ու հավանաբար, հատկանշական է օգտատերերից մեկի սարկազմով գրված մեկնաբանությունը, թե՝ «Բա Ադրբեջանում չլինե՞ր՝ մի լավ բողոքեինք»:
Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: