Հայաստանը` Եվրոպայում, Ադրբեջանն` Ասիայում
Դեկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած «Եվրոպայի և Ասիայի լրատվամիջոցների ֆորումի» ժամանակ մասնակիցներին բաժանվել են տեղեկատվության, տեխնոլոգիաների ու լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ ամենաբազմազան տեղեկագրեր, հետազոտություններ ու ձեռնարկներ: Դրանց թվում է նաև «Թերթերի ապագան ձևավորելիս» վերտառությամբ ձեռնարկը, որը «Թերթերի և լրատուների համաշխարհային ասոցիացիայի» (World Association of Newspapers and News Publishers) պատրաստած վերլուծությունն է` թերթերի զարգացման հնարավորությունների ու միտումների մասին:
Սույն ձեռնարկում կարևոր տեղ է հատկացվել գովազդային գումարների հոսքերին և այն միտումներին, թե ինչպես են գովազդատուներն աստիճանաբար նախընտրում էլեկտրոնային հարթակները: Այս հարրցում առանձին երկրներում առկա վիճակը ներկայացնելու համար աղյուսակի ձևով ներկայացվել են գովազդային շուկայի բաշխվածությունը: Հիշյալ ցանկում հարավկովկասյան երկրներից երկուսը` Հայաստանն ու Վրաստանը, ընդգրկվել են Եվրոպայում, իսկ նույն տարածաշրջանում գտնվող Ադրբեջանը ներառվել է ասիական երկրների շարքում:
Ինչ վերաբերում է խնդրո առարկա ուսումնասիրության արդյունքներին, ապա նյութում ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում 2008 գովազդային գումարների 72.7%-ը բաժին է ընկել հեռուստատեսությանը, 17.0%-ը ռադիոյին, 8.4% արտաքին գովազդին, 0.9%-ը թերթերին և նույնքան` 0.9%, ամսագրերին:
Հետազոտության համաձայն, դիտարկվող տարում Հայաստանի գովազդային շուկայում կինոն ու ինտերնետը զրոյական բաժնեմաս են ունեցել:
Կապված Ադրբեջանին եվրոպական տարածաշրջանից վանելու փաստի հետ, հարկ ենք համարում հիշեցնել, որ վերը նշվածն առաջին դրսևորումը չէ: Օրինակ հեղինակավոր «Եվրոնյուզ» հեռուստաընկերությունը ևս «Եղանակի տեսություն» բաժնում Ադրբեջանն ընդգրկել է Ասիայում, մինչդեռ Հայաստանն ու Վրաստանը ներկայացվում են որպես Եվրոպայի հատված: