Թուրքիայի պաշտոնական թվերն այլ բան են ասում. Էրդողանը չի՞ տիրապետում իր երկրի պաշտոնական տվյալներին
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը Թուրքիայում ապրող Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տվյալներ ստանում է անմիջապես Թուրքիայի Ազգային վիճակագրական ծառայության կայքէջից: Ի պատասխան Էրդողանի` Լոնդոնում արված հայտարարության, թե Թուրքիայում ապօրինի բնակվում է 100 հազար հայ, ծառայության պետ Գագիկ Եգանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Թուրքիայի պաշտոնական թվերը, սակայն, այլ բան են ասում:
Ըստ Եգանյանի, Թուրքիայի Ազգային վիճակագրական ծառայության կայքէջում տեղադրված թվերը վերաբերում են Թուրքիա մտած ու այնտեղից դուրս եկած Հայաստանի քաղաքացիների թվաքանակներին և ըստ այդմ` 2000-ից 2009-ի ընթացքում այդ թիվը կազմել է շուրջ 5000:
«2000-ից առաջ ոչ մի թվային տվյալ չկա, և ես չեմ կարծում, որ դրանից առաջ նման մեծ հոսք լիներ Թուրքիա, մանավանդ որ այն ժամանակ Թուրքիայի նկատմամբ ավելի վերապահումներ ու մտահոգություններ ունեին հայերը: Ամեն դեպքում վերջին մի քանի տարիների թվերը Էրդողանի հրապարակած տվյալների մասին չեն խոսում», -հավելեց Եգանյանը:
Նրա խոսքով, Էրդողանը քաղաքական շահարկման առարկա է դարձրել Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների ապրելու փաստը:
«Ամեն դեպքում մեր ունեցած թվերը խոսում են այն մասին, որ նրա նշած քանակով Հայաստանի քաղաքացիներ Թուրքիայում չկան: Ընդամենը 9 տարվա մեջ Թուրքիա մուտք գործած և դուրս եկած Հայաստանի քաղաքացիների տարբերությունը կազմում է 5000, ոչ թե 100 հազար», - հայտարարեց պաշտոնյան: