Վերին-Լարս անցագրային կետում թույլ չեն տվել Հայաստանի մի քանի քաղաքացիների հատել սահմանը
Ռուս-վրացական սահմանային Վերին-Լարս հսկիչ անցագրային կետում վրացի սահմանապահները թույլ չեն տվել Հայաստանի մի քանի քաղաքացիների հատել սահմանը:
Ըստ վրացական լրատվամիջոցների, վրացական կողմի ներկայացուցիչը հայտնել է Հայաստանի քաղաքացիներին, որ նրանք չեն կարող անցնել Հայաստան Վրաստանի տարածքով, քանի որ նրանց անձնագրերում կա Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի սահմանի «Ներքին Զարամագ» անցակետով անցնելու նշում: Վրացական կողմի ներկայացուցչի կարծիքով, Հայաստանի քաղաքացիները օգնություն են ցուցաբերել Հարավայի Օսեթիայի իշխանություններին հանրապետության վերականգնման գործում:
Նկատենք, որ վրացական «Օկուպացված երկրամասերի մասին» օրենքի համաձայն, օտարերկրացի քաղաքացին, ով եղել է Աբխազիայում և Հարավային Օսեթիայում առանց պաշտոնական Թբիլիսիի թույլտվության, չի կարող մուտք գործել Վրաստանի տարածք, հակառակ դեպքում` նրանք տուգանվելու են կամ դատապարտվելու են երկու տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Վերին-Լարս անցակետը փակված էր 2006 թվականի նոյեմբերից, իսկ այս տարվա մարտի 1-ից այն բացվել է: