Ջենգիզ Աքթար. «Ազատ ապրելու համար Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ»
Մեր գլոբալիզացաված աշխարհում շատ քիչ սահմաններ կան, որ փակ են, սակայն հայ-թուրքական սահմանը դեռևս շարունակում է մեռյալ գոտի լինել: Փակ սահմանները նորմալ երևույթ չեն ժամանակակից Եվրոպայի համար»,- գրում է Թոմաս դե Վաալը Foreign Policy ամսագրում
Հոդվածագիրը նշում է, որ երկու պետությունների ժողովուրդներն էլ ցանկանում են բաց տեսնել իրենց սահմանները, քանի որ դա մեծապես կնպաստի տնտեսության աճին: Թոմաս դե Վաալի հետ զրույցում թուրք ակադեմիկոս Ջենգիզ Աքթարն ասել է, որ Թուրքիան կարող է ազատ լինել միայն այն դեպքում, երբ առերեսվի իր անցյալի հետ և ընդունի ճշմարտությունն այն մասին, թե ինչ է եղել հայերի հետ 1915թ-ին Օսմանյան կայսրությունում:
Աքթարը նախաձեռնել է «Մեծ ողբերգություն» ինտերնետային ստորագրահավաքը, որով ներողություն է խնդրում իր հայազգի եղբայրներից ու քույրերից 1915 թ-ի, ինչպես ինքն է ասում, «ողբերգության» համար: Ստորագրահավաքին 30 000 թուրք է մասնակցել:
«Այս ստորագրահավաքը նախաձեռնվել է մի երկրում, որի դասագրքերում մինչ այժմ ասվում է, թե հայերն Օսմանյան կայսրությունում ոչնչացրել են թուրքերին: Թուրքիայում մեծ արգելք է դրված Հայոց հարցի ցանկացած քննարկման վրա»,-գրում է Թոմաս դե Վաալը և նշում, որ պաշտոնական Երևանն ու Անկարան անցյալ տարի հոկտեմբերին ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները` սկսելով հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն ինչ-որ բան սխալ ընթացավ:
«Ի՞նչ պատահեց,-հարցնում է հեղինակը և պատասխանում,- Անկարան չէր սպասում, որ արձանագրությունների ստորագրումը կարող է նման կատաղի արձագանք առաջացնել իր փոքր եղբայր Ադրբեջանում, որի ակտիվ և ճնշող լոբբինգի արդյունքում Թուրքիան սկսեց փորձեր անել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ: Ադրբեջանը վախենում է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ ինքը կարող է կորցնել Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր կարևորագույն լծակներից մեկը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան