Ցեղասպանության տարելիցին նվիրված հուշ –երեկո՝ Կանադայում
Կանադայի խորհրդարանում օրերս տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին կանադահայ կազմակերպություններից բացի մասնակցել են Կանադայի խորհրդարանի բազմաթիվ անդամներ և Կանադայում հավատարմագրված դիվանագետներ:
Ելույթ են ունեցել Կանադայի խորհրդարանում ներկայացված Պահպանողական, Ազատական, Նոր դեմոկրատական կուսակցությունների և «Քեբեկյան բլոկ»-ի պաշտոնական ներկայացուցիչները, Կանադայի գիտության և տեխնոլոգիաների նախարարը: Օրվա բանախոսներն էին հանրահայտ կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջյանն ու հայտնի ցեղասպանագետ, ռաբբի Սթիվեն Ջեյկոբսը (ԱՄՆ): Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Միջոցառումը եզրափակել է Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, որը մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և հայ-թուրքական հարաբերություններում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ավանդական արարողություն տեղի կունենա նաև Հայաստանի դեսպանությունում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան