Արցախի նախագահն ընդունել է ականազերծմամբ զբաղվող բրիտանական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավարին
Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է մարդասիրական ականազերծմամբ զբաղվող բրիտանական ոչ կառավարական «The HALO Trust» կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Կլարկին:
Հանդիպման ընթացքում պարոն Կլարկը տեղեկացրել է երկրի ղեկավարին Լեռնային Ղարաբաղում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի և դրանց արդյունքների մասին: Քննարկվել են նաև հարցեր` կապված հանրապետության տարածքում ականապատված դաշտերի և չպայթած զինամթերքի վնասազերծմանն ուղղված «The HALO Trust»-ի հետագա գործունեության հետ:
Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ` միաժամանակ հաստատելով իշխանությունների պատրաստակամությունը Արցախում իրականացվող ծրագրին աջակցելու գործում: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: