«Իչերի Շեհերը» Մեհրիբան Ալիեվայի տիրույթնե՞ր
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել, որտեղ անդրադարձել է Բաքվի պատմական կենտրոնում` Իչերի-Շեհերում, կատարվող իրադարձություններին:
Աղբյուրի համաձայն, մասնավորապես, ապրիլի 30-ին Իշերի-Շեհերում` մետրոյի համանուն կայարանի մերձակայքում տեղադրվել է երկու բրոնզե հուշարձան: Դրանցից մեկը խորհրդանշել է բաքվեցիների արտաքինը, իսկ երկրորդ արձանը պատկերել է ռուս հայտնի դերասան Յուրի Նիկուլինին` ընկած վիճակում: Այս արձանով էլ հեղինակները փորձել են հիշեցնել, որ ռուսական կինոկատակերգության ամենահաջողված գործերից մեկի` «Ադամանդե ձեռքը» ֆիլմի հայտնի կադրերը նկարահանվել են հենց Բաքվի պատմական կենտրոնում:
Եվ ահա «Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ արձանները նախօրեին անսպասելիորեն անհետացել են: Աղբյուրի համաձայն, փաստի առթիվ պաշտոնապես որևէ պարզաբանում հնարավոր չի եղել ստանալ:
Ոչ պաշտոնապես աղբյուրը հաղորդել է հետևյալը. «Ինչպես հայտնեց տեղյակ աղբյուրը, հուշարձանները հանվել են ազդեցիկ մի կնոջ հրամանով: Այդ կինը` թինկնազորի ուղեկցությամբ, պարբերաբար հայտնվում է Իչերի-Շեհերում: Որպես կանոն, նրա այցելությունները կայանում են երեկոյան 11-ից հետո: Որպեսզի իրեն չճանաչեն, նա գլուխը ծածկոցով փակում է: Նա շրջում է իր տիրույթներով և հրամաններ է տալիս վարչակազմին` ինչ և ինչպես անել: Նույն աղբյուրի խոսքով, հուշարձանների տեղադրումը համաձայնեցված չի եղել այդ կնոջ հետ, ուստի դրանց հետագա ճակատագիրն անհայտ է»:
Թեև «Թուրան» գործակալությունը չի հնչեցրել «Բաքվի տիրակալ» համարվող խորհրդավոր կնոջ անունը, սակայն որևէ մեկը կասկած չունի, որ խոսքը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի մասին է:
Նկատենք, որ Մեհրիբան Ալիևան (Փաշաևա), բացի Իլհամ Ալիևի կինը լինելուց, հանդիսանում է ադրբեջանական իշխանական ռեժիմի առավել ազդեցիկ կլաններից մեկի` Փաշաևների (կամ` Բաքվի) կլանի ներկայացուցիչներից մեկը: Մեհրիբան Ալիևան ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր է, ԱՄՆ-ի հետ բարեկամության խմբի նախագահ: Նա գլխավորում է նաև Ադրբեջանում փողերի լվացման հիմնական միջոց հանդիսացող «Հեյդար Ալիև հիմնադրամը», ինչպես նաև «Ադրբեջանի մշակույթի բարեկամների հիմնադրամը»: Բացի այդ Ադրբեջանի առաջին տիկինն այդ երկրի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է և մի շարք միջազգային կազմակերպությունների բարի կամքի դեսպան: