Մատենադարանը կմիանա՞ դատական հայցին ընդդեմ Գեթթի թանգարանի
Մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արևմտյան թեմը հայց է ներկայացրել Պոլ Գեթթի թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել Թորոս Ռոսլինի նկարազարդած 750-ամյա Աստվածաշնչի 7 էջերը:
Ի՞նչ է նախատեսում այս առիթով Մատենադարանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանն ասաց, որ իրենց ունեցած տեղեկությունները շատ կցկտուր են:
Նա հավելեց, որ եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա իրենք անպայման կասեն իրենց քայլերի մասին:
Արդյո՞ք կմիանան հայցին:
Հ. Թամրազյանը այս հարցին դրական պատասխանեց: Իսկ երբևէ Մատենադարանը ունեցե՞լ է նախադեպ այսօրինակ դատերի մասնակցելու հարցին, Մատենադարանի տնօրենը պատասխանեց, որ ոչ:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու արմևտաամերիկյան թեմը պահանջում է լոսանջելեսյան Գեթթի թանգարանից վերադարձնել 1256 թ. թվագրվող Զեյթունի Ավետարանի 7 թերթը:
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, դատական հայցում պնդվում է, որ Ավետարանի էջերը պահվում են թանգարանում անօրինական:
Հայկական թեմի շահերի պաշտպանի խոսքով, Զեյթունի Ավետարանի էջերը գողացվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ: Փաստաբանները հուսով են, որ էջերը կվերադարձվեն եկեղեցուն կամավոր, բանակցությունների արդյունքում, այլ ոչ թե դատարանի միջոցով:
Գեթթի թանգարանի ներկայացուցիչները պնդում են, որ թանգարանն այդ էջերը, որոնք իրենցից ներկայացնում են կանոնների աղյուսակներ, ձեռք է բերել օրինական ճանապարհով 1994 թ. անանուն մասնավոր կոլեկցիոներից: Թանգարանի աշխատակցի խոսքով, կանոնների էջերը մանրակրկիտ հետազոտվել են. կանոնների աղյուսակները ԱՄՆ-ում ապրող հայկական ընտանիքի սեփականությունն են եղել:
Նշենք, որ Զեյթունի Ավետարանի մանրանկարիչն է Թորոս Ռոսլինը, որը պատկերազարդել է այն 1256 թ.: Զեյթունի Ավետարանը պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան