Վ. Պուտին. «Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է կարգավորեն ԼՂ հիմնահարցը»
«ԼՂ հիմնախնդրի կողմերից որևէ մեկի նկատմամբ ճնշում գործադրելը կամ հարցին միջամտելը շատ ռիսկային հարց է, և Ռուսաստանը չէր ցանականա, որ Հայաստանը կամ Ադրբեջանը նշեն, թե իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում»,- այսօր թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ ունեցած համատեղ ասուլիսում նշել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
«Նմանատիպ հիմնախնդիրների կարգավորման ժամանակ պատասխանատվությունը միայն մեկ կողմը չէ, որ կրում է: Երկու երկրների պաշտոնական անձինք պետք է քննարկեն այդ հարցը և շարունակեն սկսված երկխոսությունը»,- ասել է Վ. Պուտինը:
Նա ընդգծել է, որ հիմնախնդրի լուծումը պետք է այնպիսին լինի, որ երկու կողմերի համար էլ ընդունելի լինի:
«Մնացած երկրներն այդ հարցով կարող են հանդես գալ միայն որպես միջնորդներ: Այստեղ անհրաժեշտ է համբերություն ցուցաբերել, քանի որ խնդիրը շատ դժվար է»,- ասել է ՌԴ վարչապետը:
Վ. Պուտինի խոսքերով, Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է կարգավորեն ԼՂ հիմնահարցը, իսկ ՌԴ ու մյուս պետությունները պատրաստ են անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել:
«Մենք չենք կարող կողմերին պարտադրել որոշում ընդունել և չենք կարող ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ»,- հավելել է ՌԴ վարչապետը:
Հիշեցնենք` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: