Սերժ Սարգսյան. Թուրքիայի «զրոյական խնդիրների» քաղաքականությունը զրոյական արդյունքներ է տալիս
Պաշտոնական Անկարայի որդեգրած քաղաքականությունը` «զրոյական խնդիրներ հարևանների հետ», զրոյական արդյունքներ է տալիս: Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում ունեցած ելույթում, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, նման բանաձևում տվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անշուշտ, թուրքական կողմից Հայաստան-Թուրքիա կարգավորման տապալումը կարող է բացատրվել քաղաքական ղեկավարության անկարողությամբ կամ չկամությամբ, միգուցե նաև այլևայլ հաշվարկներ ունենալու հանգամանքով. մի քանի վերլուծաբաններ թերևս ավելացնեն նաև ադրբեջանական ճնշման գործոնը: Որոշ արևմտյան վերլուծաբաններ ինձ փորձում էին համոզել, որ սա ժամանակավոր երևույթ է, ներքին ընտրական գործընթացների սպառման համար: Միգուցե, ժամանակը ցույց կտա»,- նշեց հանրապետության ղեկավարը` հավելելով. «Ավելի խորքային վերլուծությունը բերում է մեկ եզրակացության` մեր տարածաշրջանում դեռևս խորապես առկա են դիմացինի հաշվին խնդիրները լուծելու, «ես ուժեղ եմ, հետևաբար ես եմ թելադրելու լուծումները» մոտեցումները: «Հարևանների հետ զրոյական խնդիրների» քաղաքականությունը զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, որքան Թուրքիան շարունակի իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում»:
Ելույթի այս հատվածը եզրափակելով` նախագահ Սարգսյանն ասաց. «Իմ խորին համոզմամբ ժամանակն է, որպեսզի տարածաշրջանի առաջնորդները վեր կանգնեն նեղ քաղաքական օրակարգերից ու հակասություններից, ի ցույց դնելով իսկական առաջնորդական հատկանիշներ՝ ուղղված ապագայի կերտմանը, այլ ոչ անցյալը վերապրելուն: Հուսով եմ` նման փոփոխություններ կարող ենք տեսնել առաջնորդների հենց այս սերնդի մոտ»: