ANCA-ն ԱՄՆ սենատորներին է ներկայացրել Բրայզայի քաղաքական գործունեության մասին տվյալներ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին է ուղարկել 7 էջանոց փաստաթուղթ, որտեղ ներկայացվում է հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի դիրքորոշման մասին: Հանձնաժողովի 19 անդամներին ուղարկված նամակում ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը բացատրել է, որ Ամերիկայի Հայկական համայնքը մտահոգված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրմամբ:
Խաչիկյանի պնդմամբ` Հանձնաժողովի անդամները պետք է ուսումնասիրեն, թե ինչպես է Բրայզայի կնոջ` ազգությամբ թուրք գիտնական Զեյնո Բարանի մասնագիտական գործունեությունը ազդել Բրայզայի քաղաքական գործունեության վրա:
Այնուհետև ANCA-ն ներկայացնում է լրացուցիչ տվյալներ Բրայզայի գործունեության վերաբերյալ: Ըստ ANCA-ի, Բրայզան ադեկվատ պատասխան չի տվել այն բանին, որ Ադրբեջանը 1300-ամյա հայկական հուշարձաններ է ոչնչացրել, սուտ մեղադրանքներ է ներկայացրել, որ Հայաստանը «զբաղեցնում է» Ադրբեջանի տարածքը, ճնշում է գործադրել Հայաստանի վրա` գնալ զիջումների, ինչպես նաև ջանքեր է գործադրել աշխատանքից հեռացնել Հայաստնում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, առաջարկել էր Մեթյու Բրայզայի թեկնածությունը, որը պետք է հաստատվի ԱՄՆ Սենատում: