ՀՀ նախագահ. Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների միջև բարեկամական վաղեմի և ամուր կապերով
Նախօրեին, երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ`Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ`Սվետլանա Մեդվեդևայի, տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակա ճառերով: Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:
«Սա նշանակալից այց է: Պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջև: Եվ տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման և մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար:
Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների միջև բարեկամական վաղեմի և ամուր կապերով, երկու պետությունների բազմակողմ և հաջող համագործակցությամբ: Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման ամենակարևոր բաղադրիչներից է: Դրա ապացույցն են այն կարևոր հարցերը, որոնք մենք առաջիկայում կքննարկենք»,- նշել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև հայ-ռուսական համագործակցությանը բնորոշ պատմական բարեկամության, վստահության, արժեքներին նվիրվածության հսկայական ժառանգության կարևորության մասին: «Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկած պետական այցի առաջին իսկ րոպեից` ես ևս մեկ անգամ զգացի երկուստեք վստահություն, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք կարո´ղ ենք և եռանդուն կյանքի կկոչենք համատեղ նախանշված ծրագրերը»,-նշել է նախագահ Սարգսյանը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության, Ռուսաստանի Դաշնության և ռուս գործընկերների մասին ասված բարի խոսքերի համար: «Մեր հարաբերությունները, իրոք, դարերով են հաշվվում: Եվ որ ամենակարևորն է` այդ դժվարին պատմական փուլերում մեր ժողովուրդներն ավանդաբար աջակցել են միմյանց: Դրա օրինակները շատ են»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Նախագահ Մեդվեդևը նաև նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկը օգնության հասնելով Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում` բարոյական և մարդկային մեծ աջակցություն է ցուցաբերել: «Ռուս-հայկական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ ևԱՊՀ շրջանակներում` իսկապես շատ սերտ են: Դրանք նույնիսկ կարելի է օրինակելի կոչել, ընդ որում` բոլոր ուղղություններով: Մեր երկխոսությունը փոխշահավետ է, այդ թվում` նաև մարզերի և մարդկանց միջև ուղիղ շփումների միջոցով, ինչը հատկապես կարևոր է և գնահատելի: Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, բոլոր գործընկերներին` մեր հարաբերությունների ամրապնդման, մեր երկրները միմյանց կապող, իսկապես, դաշնակցային հարաբերությունները զարգացնելու անկեղծ ձգտման համար: Այս պետական այցը հենց այդ դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն է»,-ասել է ՌԴ նախագահը:
ՌԴ նախագահի պատվին տրվող պետական ճաշին մասնակցել են ՀՀ և ՌԴ նախագահները` իրենց տիկնանց հետ, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ակտիվ ներդրում ունեցող հասարակական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: