Թուրք փորձագետ. «Արդարություն և զարգացում» կուսակցության ամենաառաջադեմ մարդկանց միտքը հասնում է մինչև Աբդուլ Համիդի Օսմանիզմը
Թուրքիայի իշխանությունը` ի դեմս «Արդարություն և զարգացում» կուսակցության, արտաքին քաղաքականության մեջ թռիչքներ է անում: Այսօր մինչ Ծիծեռնակաբերդ այցելելը ու Օսմանյան Թուրքիայի կողմից իրականցված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Panorama.am-հարցին, թե թուրքական իշխանությունների մոտ այսօր առկա է պատրաստակամություն հաշտվել հայերի հետ, նման տեսակետ հայտնեց թուրք փորձագետ Զաֆեր Յորուքը:
Նրա խոսքով, Թուրքիան փոխել է տարածաշրջանում վարած իր քաղաքականությունը, քրիստոնյա ու մահմեդական ազգերի միջև քիչ թե շատ հավասարություն է մտցրել, այդ երկրում սկսել են խոսել ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին, նրանց նույնիսկ իրավունքներ են տվել, չնայած չկան դրանց պաշտպանության մեխանիզմները: «Փոփոխությունների փուլում է, չեմ կարող ասել հասել է վերջնական արդյունքի, եթե այդ քաղաքականությունը շարունակվի, հնարավոր է Թուրքիայի աստղը Անդրկովկասում փայլի»,-ասաց թուրք փորձագետը:
Այս քայլերը նա բավարար չի համարում, սակայն առաջընթաց է համարում: Իսկ առաջընթացի չափը պայմանավորված է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարների մտավոր ունակությունների չափով: Փորձագետի խոսքով, այդ գործիչների ունակությունները բավարար չեն մեծ քայլեր կատարելու համար: Այդ պատճառով նա հակված է կարծելու, որ Թուրքիայում փոխել են քաղաքականությունը ու գնում դեպի անորոշություն, իսկ դա կարող է երկրի ապակայունացման պատճառ հանդիսանալ:
«ԱԶԿ ամենաառաջադեմ մարդկանց միտքը հասնում է մինչև Աբդուլ Համիդի Օսմանիզմը: Նրանք ավելի լավ բան չեն կարողանում պարզապես պատկերացնել: Այս մտածողության ամենամեծ խնդիրն այն է, որ մահմեդականներ-ոչ մահմեդականներ հարաբերություններում հանդուժողականության սկզբունքն է ընկած»,-ասաց նա:
Զաֆեր Յորուքն ընդգծեց, որ հանդուրժողականությունն արդեն իսկ ավտորիտար հասկացություն է, այստեղ կա հանդուրժող ու հանդուրժվող: «Սա հավասարություն չէ, հիերարխիա է, կարծում եմ ԱԶԿ-ի սահմանը հենց այստեղ վերջանում է, նա չի կարողանում գնալ հավասարություն»,-ասաց թուրք բանախոսը, ավելացնելով, որ Թուրքիայի պետության համար սա մեծ առաջընթաց կարելի է համարել: