«Ճարահատյալ, թուրքական խաղի շարունակություն». Ռիչարդ Կիրակոսյանը մերժել է Թուրքիայի վարչապետի հրավերը
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նույնպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու և Վանում լինելու ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տրվելիք պատարագին մասնակցելու հրավեր է ստացել: Panorama.am-ին Ռ. Կիրակոսյանն ասաց, որ ինքը մերժել է ու չի գնալու:
Նշենք, որ այսօրվա ընթացքում Թուրքիայի վարչապետի անունից Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ ու լրագրողներ սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու հրավեր են ստացել:
Թուրքիայի վարչապետի այս քայլը վերլուծաբան Ռ. Կիրակոսյանը գնահատեց որպես «ճարահատյալ, թուրքական խաղի շարունակություն»:
«Թուրքիայի կողմից սա անլուրջ քայլ է, թատրոնի է նմանվում: Նրանք սպասում էին հանրաքվեի անցկացմանը, գոնե նորմալ ժամանակին նման հրավերով հանդես գային»,- ասաց նա:
Փորձագետի համար հստակ է, որ Թուրքիան Հայաստանի հետո հարաբերությունները նորմալացնելու որևէ քայլի կգնա կամ որոշում կկայացնի միայն 2011 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ այս ամենը, ըստ նրա, ընդամենը թուրքական խաղ է: