«Հայ ասպետ» հեռուստախաղի մասնակիցները նամակ են ուղարկել Թուրքիայի վարչապետին
«Մենք ուզում ենք հարցնել Ձեզ` ինչո՞ւ հոգևոր արժեքների մասին խոսող Ձեր կառավարությունը թույլ չի տալիս խաչ տեղադրել այդ եկեղեցու գմբեթին, և այդպիսով կասկածի տակ է դնում այս տարվա սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցելու իր անկեղծությունը: Արդյո՞ք մեր աղոթքը կամ գմբեթի խաչը սպառնալիք են Ձեր երկրին: Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում 21-րդ դարում, մի երկրում, որը Եվրոպայի խորհրդի անդամ է և ցանկանում է Եվրոպական միության անդամ դառնալ»,- սա մի հատված է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ ասպետ» հեռուստախաղի մի քանի մասնակիցների կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակից:
Հիշեցնենք, որ օգոստոսին Արևմտյան Հայաստան ուխտագնացության մեկնած «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամները Թուրքիայից վերադարձել են վիրավորված. Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկաններն արգելել են նրանց աղոթել, վիրավորել, սպառնացել, իրենց գոռգոռոցով արգելել` երգել, ոտքերով տրորել ծխացող խունկը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, հաղորդավար Կարին Տոնոյանը ասաց, որ Արևմտյան Հայաստան մեկնած երեխաների վիրավորանքն այնքան խորն է, որ որոշել են նամակ գրել ու ուղարկել Թուրքիայի վարչապետին` ներկայացնելով նրան, թե ինչպես են իրենց հետ վարվել թուրք ոստիկանները:
«Ժամանելով Աղթամար` այնտեղ հանդիպեցինք թուրք ոստիկանների կոպիտ ու բռի վերաբերմունքին: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների աչքի առաջ ոստիկանները մեզ դուրս վռնդեցին եկեղեցուց` վախեցած մեր բարձրաձայն աղոթքից: Մեզ չթողեցին անգամ մոմ վառել, ինչպես կարգն է Հայոց առաքելական սուրբ եկեղեցում: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին` Ձեր կառավարության կողմից ի ցույց ամբողջ աշխարհին թույլատրված Հայոց պատարագ մատուցելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ»,- նշված է երեխաների նամակում:
Նա ասաց, որ նամակն արդեն ուղարկել են ու հուսով են, որ տեղ հասած կլինի: Կ. Տոնոյանը նաև նշեց, որ այն ուղարկելու են Եվրամիության ղեկավարին, Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատներ:
«Զարմանալի չէ մեզ համար իմանալ, որ Թուրքիայի վարչապետի անունից հրավեր-նամակ է ուղարկվել մի քանի տասնյակ հայ քաղաքագետների, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու և Աղթամարի Սուրբ Խաչ թանգարանում տրվելիք պատարագին մասնակցելու: Մեզ համար հասկանալի է այս նամակի և´ իմաստը, և´ նապատակը, և´ շարժառիթը: Հասկանում ենք, որ այդ արարողությունը թուրքական կողմից նախապատրաստված հերթական թատրոնն է, և ինչպես յուրաքանչյուր չստացված ներկայացում, որի տոմսերը չեն վաճառվում, հանդիսատես հավաքելու համար հրավիրատոմս են տպում»,- ասաց Կ. Տոնոյանը` շարունակելով. «Մենք մեր մերժումով ստիպեցինք Թուրքիայի վարչապետին դառնալ բարեկիրթ: Ինչպիսի՞ բարեկրթություն հայ հասարակության նկատմամբ` պատարագին մասնակցելու հատուկ հրավեր են ուղակում, չնայած մնացել է ընդամենը երեք օրը: Բայց և այնպես, ստիպեցինք նրանց, որ իրենց բարեկիրթ ցույց տալ, որ հրավեր ուղարկեն: Սա արդեն իրենց է պետք, մեզ պետք չէ, դա մենք հասկանում ենք»:
Ասուլիսին ներկա «Հայ ասպետի» մասնակիցները դիմեցին նաև հայ հասարակությանը, միջազգային հանրությանը` բողոքի ձայն բարձրացնել, չմասնակցել այդ թատրոնին, քանի որ «առանց խաչի եկեղեցում պատարագ մատուցելը վիրավորանք է ինչպես ողջ հայ ժողովրիդն, այնպես էլ մեր նախնիներին»:
«Խնդրանքով դիմում ենք նրանց, ովքեր դեռ մտածում են գնալ, թե չգնալ: Արդյո՞ք Թուրքիայի արաքը ծաղր չէ: Մենք չպետք է թույլ տանք, որ այդ ծաղրը իրականացվի մեր ժողովրդի նկատմամբ: Դիմում ենք մեր հասարակությունը, Սփյուռքում ապրող հայությունը` մի անգամ էլ հիշենք մեր պատմությունը և հարգենք հենց այն խաչը, որը այսօր դրված է Սուրբ Խաչի մոտ, բայց որը չի տեղադրվելու եկեղեցու գմբեթին»,- հայ ժողովրդին «Հայ ասպետ» խաղի մասնակիցների անունից նման խնդրանքով ու կոչով դիմեց Կարին Տոնոյանը:
Տեսանյութերն այստեղ` http://www.youtube.com/watch?v=yDHH9k5cGcU
http://www.youtube.com/watch?v=hPRw_aupVhs
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները