Լրագրողներ առանց սահմանների. Հայաստանը բարելավել է դիրքերը
Լրագրողներ առանց սահմանների (Reporters without borders) միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում ԶԼՄ-ների ազատության այս տարվա ինդեքսը: Զեկույցի համաձայն, Հայաստանը էականորեն բարելավել է դիրքերը` 178 երկրների շարքում հանգրվանելով 101-րդ հորիզոնականում:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում են եվրոպական երկրները. Ֆինլանդիա, Իսլանդիա, Նիդերլանդեր, Նորվեգիա, Շվեդիա, Շվեցարիա, Ավստրիա, Էստոնիա, Իռլանդիա: Առաջին տասնյակում ոչ եվրոպական միակ երկիրը Նոր Զելանդիան է:
Հետնապահները ավտորիտար ռեժիմով աչքի ընկնող երկրներն են` Ռուանդա, Եմեն, Չինաստան, Սուդան, Սիրիա, Բիրմա, Իրան, Թուրքմենստան, Հյուսիսային Կորեա, Էրիտրեա:
Հետխորհրդդային երկրներից, ըստ կազմակերպության փորձագետների, առավել ազատ մամուլ ունեն Էստոնիան (9), Լիտվան (11) և Լատվիան (30): Վերջիններս ընդգրկված են «Ազատ մամուլ ունեցող» երկրների խմբում:
Նրանց հաջորդում են Մոլդովան (75), Վրաստանը (99) և Հայաստանը (101): Աղյուսակի միջին հատվածում տեղակայված այս խումբը փորաձգետները որակել են որպես «որոշակի խնդիրներ ունեցող»:
Մյուսները ներառված են կամ «դժվար վիճակում գտնվող» կամ «շատ լուրջ վիճակ ունեցող» երկրների ցանկում և համապատասխանաբար զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները. Տաջիկստան (115), Ուկրաինա (131), Ռուսաստան (140), Ադրբեջան (152), Բելառուս (154), Ղրղզստան (159), Ղազախստան (162), Ուզբեկստան (163) և Թուրքմենստան (176):
Հայաստանի հարևաններից ինչպես արդեն նշվեց, առաջատարը Վրաստանն է, որ աղյուսակում հանգրվանել է անմիջապես մեր հարևանությամբ: Իսկ Ադրբեջանը, Թուրքիան (138) և Իրանը (175) հետնապահների դերում են: Ընտ որում, նախորդ տարվա համեմատ Հայաստանի բոլոր չորս հարևանները զգալիորեն հետընթաց են ապրել մամուլի ազատության բնագավառում, իսկ Հայաստանն, ըստ կազմակերպության փորձագետների, բարելավել է թե ինդեքսը, թե աղյուսակում ունեցած դիրքը: