Ադրբեջանցի գործազուրկներ. «Մենք ցերեկներն ենք կանգնում Բաքվի ստրուկների շուկայում , կանայք` գիշերները»
Նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական ելույթներում Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության պաշտոնյաները խոսում են երկրի տնտեսական զարգացումից, նոր աշխատատեղերի ստեղծումից, մարդկանց սոցիալական վիճակի բարելավումից: Սակայն երկրում իրական վիճակը ուսումնասիրելու համար «Բիզիմ յոլ»-ի աշխատակիցները այցելել են Բաքվի գործազուրկների բանակի «գուլ բազար» (ստրուկների շուկա) կոչված հավաքատեղիները:
«Բաքվում դրանք շատ են: Այս աշխատաշուկայում դպրոցական երեխայից սկսած մինչև 70-ամյա ծերունիներ կան: Նախորդ այցելությունների համեմատ նկատելի էր, որ նրանց թիվը զգալիորեն աճել է: Սկզբում մի խումբ գործազուրկներ, հաճախորդ կարծելով, վազելով մոտեցան ինձ: Նրանք ամենատարբեր ծառայություններ էին առաջարկում: Բայց երբ տեսան լրագրողներ ենք, սկսեցին ցրվել: Մի քանիսի հետ զրույցից պարզվեց, որ նրանք հիմնականում շրջաններից ժամանած գործազուրկներ են, ովքեր Բաքվում վարձով են բնակվում: Նրանք բողոքում էին, որ աշխատանք չլինելու պատճառով չեն կարողանում վճարել վարձերը և փող ուղարկել իրենց ընտանիքներին, որ հաճախակի էլ իրենց աշխատացնում և չեն վճարում, իսկ իրենք չեն կարող բողոքել: Ասացին, որ ոչ մի ընտրություններ էլ իրենց չի հետաքրքրում:
«Ինչպես նրանք չեն հետաքրքրվում մեզնով, այնպես էլ` մենք նրանցով: Մենք շատ ենք աշխատել նրանց վիլլաներում: Նրանց փողերը ժողովրդին պատկանող նավթից ստացված կեղտոտ փողեր են, իսկ մենք հասարակ ապրուստի փող չենք կարողանում վաստակել: Մարդիկ այստեղ են գիշերում տրանսպորտի նախարարի հպարտությունը դարձած կամրջի տակ, որովհետեւ մնալու տեղ չունեն: Հեռուստաալիքներում նրանց ծեծկռտուքը դիտելու և գլուխ ցավեցնելու փոխարեն, զբաղված ենք մեր առօրյա խնդիրներով»,- ասացին նրանք: Բանվորները բողոքում էին, որ սեփական երկրում տասնյակ հազարավոր գործազուրկներ ունենալով` գործատուները գերադասում են աշխատուժ բերել արտասահմանից: Չինացիներին, թուրքերին եւ ուրիշներին ավելի շուտ են աշխատանքի ընդունում եւ ավելի շատ են վարձատրում, քան մեզ:
«Դրոշի հրապարակի» շինարարության ժամանակ մեզ 15 մանաթ էին վարձատրում, իսկ թուրքերին` 50 մանաթ: Մենք ուզում ենք հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից, որ մեզ էլ աշխատանքի ընդունեն: Միտինգներ էլ չենք կարող անել, որովհետեւ ստրուկներս կկորցնենք նաեւ մեր կյանքը: Հարց է ծագում` որտե՞ղ են իշխանությունների ասած հազարավոր աշխատատեղերը, հասցեագրված սոցիալական օգնությունը: Մենք ցերեկներն ենք այստեղ կանգնում, կանայք` գիշերները: Մենք մեր ձեռքի ուժն ենք վաճառում, նրանք` մարմինը»,- բաքվի գործազուրկների շուկայում իրենց տեսածների եւ լսածների մասին գրում են «Բիզիմ յոլ»-ի թղթակիցները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը