«Ադրբեջանական պատմագրությունը` խճճված իր ժողովրդի ծագումնաբանական կոկտեյլի մեջ»
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշվում է.
«Սեփական պատմության բացակայության բարդույթից դրդված` Ադրբեջանի ղեկավարը, հավատարիմ մնալով իր նախորդների քաղաքականությանը, հանդես եկավ զավեշտալի պատմագիտական նոր թեզերով` արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան պետության» պատմության վերաբերյալ:
Քանի որ մեր արևելյան հարևանները ցանկացած պատեհ և անպատեհ առիթ բաց չեն թողնում գովաբանելու իրենց ղեկավարի կրթական բարձր ցենզը, կարծում եմ, որ նա պետք է շատ լավ իմանա, որ ադրբեջանական պատմագրությունը առ այսօր խճճված է իր ժողովրդի «միդիական«, «աղվանական» և «թուրքական» ծագումնաբանական կոկտեյլի մեջ:
Մինչև 1918 թվականը աշխարհին հայտնի չէ Ադրբեջան անունով պետական միավորում, ավելին հարկ է նշել, որ ռուսական կայսրության կործանման հետևանքով առաջացած այդ պետության մեջ կովկասյան թաթարները կամ կովկասյան թուրքերը, ի տարբերություն հայերի, թալիշների, լեզգիների, ուդիների, ավարների, ռուսների և քրդերի, փոքրամասնություն էին կազմում:
Հարավային Կովկասում կովկասյան թուրքերի պետության ստեղծումը բացառապես պայմանավորված էր` Նուրի փաշայի գլխավորությամբ թուրքական կանոնավոր բանակի ինտերվենցիայով: Այդպիսով Ադրբեջանը պետք է լիներ կամուրջ` Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները իրագործելու համար: Պատահական չէ, որ նրանց նախագահներից Աբուլֆազ Էլչիբեյը նշեց, մեջբերում եմ. «Չկա ադրբեջանական լեզու, կա թուրքական լեզու»,- մեջբերման ավարտ:
Մինչև 1936 թիվը «ադրբեջանական ազգ» հասկացություն գոյություն չուներ, այն շրջանառության մեջ մտավ Ստալինի թեթև ձեռքով, ով արհեստականորեն տարբերակում մտցրեց Խորհրդային Ադրբեջանի թաթարների և Փոքր Ասիայի թուրքերի միջև, հաշվի առնելով այն գաղափարական տարբերությունը, որ կար երկու պետությունների միջև:
Չնայած Բաքվի գեբելսյան պրոպագանդայի հավաստիացումներին, պետք է նշել, որ Կովկասյան թուրքերը ոչնչով աչքի չընկան, նույնիսկ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին` չծնելով քիչ թե շատ հայտնի որևէ զորահրամանատար: Սրանով է բացատրվում, որ արդեն անկախ Ադրբեջանում անարգվեցին Երկրորդ աշխարհամարտի հերոսների հուշարձանները` այդ թվում Անանուն զինվորի հուշարձանը Բաքվում:
Հաշվի առնելով, որ մեր արևելյան հարևանները հանդես են գալիս այնպիսի կեղծ պատմագիտական հայեցակարգերով, որոնք զավեշտալի են այն աստիճան, որ անգամ հայտնի «Ոդիսական»-ում` «կիկլոպներին նկարագրելով Հոմերոսը նկատի է ունեցել Ադրբեջանին ու ադրբեջանցիներին», այն որ հայտնի «Գիլգամեշի» էպոսը «ադրբեջանական հնագույն գրականության գոհարներից է», ուղղակի աննշան են «Խորհրդային Նախիջևան» թերթի այն հրապարակման հետ, ըստ որի` Նոյ նահապետը հռչակված է«ադրբեջանցի հնագույն գիտնական, աստղագետ»:
Այնպես որ, հաշվի առնելով ադրբեջանական պատմագրության ծիծաղելի զինանոցը, կարծում եմ, որ դեռ Ալիև կրտսերը կշարունակի օգտվել այդ նյութերից` զվարճացնելով ոչ միայն հարևաններին, այլև ողջ աշխարհին»: