«Հյուսիսային կամերատա». Ելույթ է ունենալու նաև Արամ Խաչատրյանի անվան տրիոն
Մուրմանսկում այսօր մեկնարկում է «Հյուսիսային կամերատա» կամերային երաժշտության առաջին միջազգային փառատոնը: Մինչև նոյեմբերի 14-ը շարունակվող փառատոնի ընթացքում նախատեսված է վեց համերգ, որին մասնակցելու են Ռուսաստանից (Ռուսաստանի պետական ակադեմիական նվագախումբ), Հայաստանից (Արամ Խաչատրյանի անվան տրիո), Ֆինլանդիայից և Նորվեգիայից տաղանդավոր կատարողներ:
«Մվեստնիկ.ռու» կայքը գրում է, որ մասնակիցներից շատերն աշխարհում մեծ ճանաչում ունեն: «Դաշնամուր, ջութակ ու թավջութակ` Արամ Խաչատրյանի անվան տրիոն Հայաստանից: Քննադատներն ընդգծում են, որ այն առանձնանում է իր վիրտուոզ կատարմամբ, ոճային զգացողությամբ: Տրիոյի անդամներից դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը Հռոմում փառատոներից մեկի ժամանակ արժանացել է հավերժ քաղաքի պատգամավորների պալատի մեդալի` բարձր վարպետության ու արտիստիզմի համար»,- գրում է աղբյուրը:
Արամ Խաչատրյանի անվան տրիոն ելույթ է ունենալու նոյեմբերի 12-ին: Ծրագրում հնչելու է Շուման, Դվորժակ, Բաբաջանյան: Մինչ այդ` նոյեմբերի 11-ին, տրիոն ելույթ է ունենալու նաև Մոնչեգորսկի երաժշտական դպրոցում:
Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թ.-ին որպես «Arsika» տրիո: Համույթը ելույթ է ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Հայաստանում: Մասնակցել է այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Լոզանում անցկացվող «Schubertiade»-ն, Կոստա Ռիկայում անցկացվող «Festival de las Artes»-ը, Մեքսիկայում անցկացվող «Festival International Cervantino»-ն և այլն: 2006թ. տրիոն հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ):
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը