Պաշտպանության նախարարի համար տարօրինակ է` ինչպե՞ս կարելի է միասնական խաղաղ գոյատևել, երբ չկայացած դիվերսանտները հերոսացվում են
Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանը կարողանար վերահսկել իրենց ծառայությունն առաջին գծում, և այդպես ինքնագլուխ որոշումներ ընդունած «ոչ կայացած» այդ դիվերսանտները չթափանցեին մեր դիրքերը և չփորձեին ինչ-որ դիվերսիոն-հետախուզական գործունեություն ծավալել: Այդ մասին «Իրական քաղաքականություն» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ադրբեջանցի դիվերսանտների թաղմանը հերթական անգամ հնչեցրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները:
«Իհարկե, նրանք իրենց արժանի հակահարվածն ստացել են, և մեզ համար տարօրինակ է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինչպես է տեսնում այդ չկայացած դիվերսանտներին հերոսացնելուց հետո մեր միասնական, խաղաղ գոյատևումը: Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ՀՀ ԶՈՒ և հատկապես արցախյան հատվածը կանեն ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտության դեպքում պարտադրեն խաղաղ պայմաններ, որպեսզի այդպիսի հայտարարությունները մնան լոկ հայտարարություներ: Եվ մենք այսօր ի վիճակի ենք մեր խնդիրների կատարմանը պատշաճ ձևով մոտենալ և մեր երկիրը, հայրենի հողը պաշտպանել», -հավելել է Օհանյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովը և Ֆարիդ Ահմեդովը զոհվել էին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիվերսիոն գործողություններ իրականացնելու ժամանակ` առաջինը` հունիսի 18-ին, (Չայլու) իսկ երկրորդը` սեպտեմբերի 4-ին: