Բակո Սահակյանի ուղերձը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ֆոնոտոնի մասնակիցներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա ֆոնոտոնի մասնակիցներին:
«Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ և խորին երախտագիտություն հայտնել Արցախի կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար: Ձեր անմիջական ու գործուն աջակցության շնորհիվ Արցախ աշխարհում իրականացվում են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այդ ծրագրերը մեծապես նպաստում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանն ու շենացմանը:
Հատկապես ակտիվ է եվրոպահայ համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա դրամահավաքի ժամանակ: Այստեղ իրականացվող ֆոնոտոնները աչքի են ընկնում բարձր կազմակերպվածությամբ: Ես անձամբ ականատես եմ եղել այդ աշխատանքներին և հպարտության պահեր ապրել` տեսնելով երիտասարդ սերնդի նվիրվածությունը, ուժերի ներածին չափով Հայրենիքին օգտակար լինելու ձգտումը: Նման մթնոլորտի ձևավորումը նաև հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կատարած աշխատանքների արդյունքն է: Արցախցիները դա լավ գիտեն և բարձր են գնահատում:
Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք մեր հայրենանվեր գործը, էլ ավելի կամրապնդենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և պատվով կլուծենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները»: