Փորձագետ. «Ադրբեջանում կոռուպցիան օրեցօր աճում է»
Եվրոպայի Խորհրդի ներքո գործող GRECO կազմակերպությունը, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, Ադրբեջանի հետ կապված հերթական զեկույցն է հրապարակել, որտեղ գնահատականներ է տվել այդ երկրում կոռուպցիայի վիճակին և ուշադրություն հրավիրել այն փաստին, որ կոռուպցիան վերացնելու համար Ադրբեջանում միջոցներ չեն ձեռնարկվում: Այս մասին գրում է «Ազադլիգ» պարբերականը:
Թերթի փոխանցմամբ՝ կազմակերպությունը, միևնույն ժամանակ, խորհուրդներ է առաջադրել Ադրբեջանում կոռուպցիան վերացնելու համար: Թեև Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում մինչ այժմ մի քանի անգամ նշել են, բայց, երևում է, ադրբեջանական կառավարությունն այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու մտադրություն չունի: «Իսկ ո՞րն է դրա հիմնական պատճառը», - հարց է տալիս թերթը:
Տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիևի կարծիքով, միջազգային կազմակերպությունները մշտապես նշում են Ադրբեջանում կոռուպցիայի և կաշառակերության օրեցօր աճող մակարդակը, բայց քանի որ կառավարությունը նկատի չի առնում այդ ուղղությամբ նրանց տված խորհուրդներն ու առաջարկությունները, կաշառքի և կոռուպցիայի մակարդակը շարունակում է խորանալ:
Փորձագետի խոսքերով, կոռուպցիան ավերում է երկրի տնտեսությունը և խաթարում սոցիալական ու հասարակական կյանքի տարբեր բնագավառների նորմալ գործունեությունը: «Մենք կիսում ենք միջազգային կազմակերպությունների գնահատականները: Կառավարությունը պետք է նկատի ունենա նրանց բոլոր խորհուրդները և վերացնի այդ լուրջ խնդիրը, քանի որ կոռուպցիան օրեցօր թունավորում է Ադրբեջանի ժողովրդի կյանքը և զարգանալու հնարավորություն չի տալիս երկրի տնտեսությանը:
Բայց Ադրբեջանի կառավարությունը գործնական քայլեր չի ցանկանում կատարել: Կառավարության` միջազգային կազմակերպությունների գնահատականներին տված արձագանքն էլ միանշանակ իմիտացիոն բնույթ է կրում»,- ասել է փորձագետը: