Panorama-ի հրապարակումները հատկապես մտահոգում են ադրբեջանցի մասնագետներին
Հայկական ու ադրբեջանական ինտերնետ ռեսուրսներում հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման վերաբերյալ համատեղ ուսումնասիրություններ են անցկացրել Երևանի մամուլի ակումբն ու Ադրբեջանի լրագրողների միությունը: Այսօր Աղվերանում մեկնարկած սեմինարի ընթացքում ներկայացվեցին այդ ուսումնսիրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, ուսումնասիրություններն անցկացվում են դեռ 2005-ից:
Այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ամսական մի քանի օրվա կտրվածքով հայկական չորս ինտերնետ ռեսուրսների` Panorama.am, lragir.am, a1plus.am և panarmenian.net, այդ թեմայով հրապարակումների ուսումնասիրությունների արդյունքում ադրբեջանցիներն իրենց համար մի քանի խիստ հուզիչ, անընդունելի ու մտահոգիչ ձևակերպումներ ու մտքեր են հայտանբերել:
Ինչպես ներկայացրեց Երևանի մամուլի ակումի փորձագետ Արմեն Նիկողոսյանը, ադրբեջանցիները նախ հասկացել են, որ հակաքարոզչության իմաստով այսօր հայկական ու ադրբեջանական ԶԼՄ-ները հավասար մակարդակում են ու միմյանց չեն զիջում, ինչը չէր կարելի ասել 5-10 տարի առաջ:
Ադրբեջանցի ուսումնասիրողներին խիստ դուր չի եկել «ազերի» բառի գործածումը հայաստանյան լրատվամիջոցներում, նրանց հատկապես մտահոգել է այն, որ հայկական լրատվամիջոցներն օգտագործում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն ձևակերպումը, նրանք ԼՂ խնդիրն ընկալում են որպես հայ-ադրբեջանական կոնֆլիկտ:
Հարևան երկրի մասնագետներին մտահոգել է նաև այն, որ հայկական լրատվամիջոցները հաճախ են գրում, թե Ադրեբջանում հայատյացությունը պետական քաղաքականության մաս է, կամ այն, որ ադրբեջանցիների միակ նպատակը հայերի ոչնչացումն է: Որպես մտահոգիչ փաստ նրանք նշել են նաև, որ հայկական ռեսուրսները հաճախ գրում են, թե ադրբեջանցիները չգիտեն սեփական պատմությունն ու առահասարակ չունեն պատմություն:
Ինչպես ներկայացրել է Ա. Նիկողոսյանը, ադրբեջանցի ուսումնասիրողներն այս մտահոգիչ փաստերին հանդիպել են հատկապես Panorama.am-ի հրապարակումներում: