Թուրք դիվանագետ. «Ադրբեջանը որպես երկիր մշտապես անվստահությամբ է վերաբերվել թուրքերին»
Բելգիայում Թուրքիայի նախկին դեսպան Թեմել Իսքիթը հայտարարել է, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որ ամենաբարձր մակարդակով հանդես է եկել թուրքերին չվստահելու մասին:
Թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում, որը մեջբերել են ադրբեջանական «gaynar.info» և «musavat.com» լրատվական կայքերը, Թ. Իսքիթն ասել է, որ չնայած Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացը Թուրքիան դադարեցրել է Ադրբեջանի պատճառով, WikiLeaks-ի հրապարակած փաստերից պարզ է դարձել, որ իրականում ադրբեջանցիները բոլորովին էլ բարեկամաբար չեն վերաբերվում Թուրքիային:
«Եվ կառավարությունը, և Թուրքիայի ԱԳՆ-ն այդ հարցում իրենց որդեգրած քաղաքականությունը լավ գիտեն: Ես 2-3 տարի մասնակցել եմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հարցի հետ կապված բանակցություններին: Պետք է ասեմ, որ որպես երկիր Ադրբեջանը միշտ անվստահությամբ է վերաբերվել մեզ, շատ թույլ բարեկամություն է ցուցադրել և մշտապես երկերեսանի քաղաքականություն է տարել մեր դեմ, ժպտացել է մեր երեսին, բայց նայելով մեր աչքերի մեջ՝ չի ցուցաբերել խոստացած աջակցությունը»,-ասել է նա:
Անդրադառնալով «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին` թուրք դիվանագետն ասել է, որ «այստեղ խնդիրը պոպուլիզմն է»: «Հիշում ե՞ք, ԽՍՀՄ փլուզումից հետո մենք քիչ էր մնում խելագարվեինք: Թուրքական հանրապետություններում մարդիկ մեզ ասում էին, թե «ռուսներից հետո այժմ էլ դուք եկա՞ք»,- հիշեցրել է նա նորանկախ թուրքական հանրապետություններում Թուրքիայի նկատմամբ այն ժամանակ տիրող տրամադրությունները: