Ադրբեջանում խոշտանգումների փաստերը հասարակությունից թաքցնում են պետական մակարդակով
Ադրբեջանի` խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ 2010 թ-ին ադրբեջանական բանտերում խոշտանգումների արդյունքում 10 մարդ է մահացել, իսկ ինքնասպանությամբ կյանքին վերջ տված 6 բանտարկյալների գործերը չեն էլ հետաքննվել:
«Բիզիմ յոլ»-ի հետ զրույցում Է.Բեհբուդովն ասել է, որ խոշտանգումների հետ կապված իր գլխավորած կառույցին ուղղված դիմումների թիվը, նախորդ տարվա համեմատ, 63-ով աճելով` 2010 թ-ին հասել է 169-ի: Նա ասել է, որ ընթացիկ տարում Ադրբեջանի ոչ մի դատախազություն խոշտանգումների հետ կապված ոչ մի փաստ չի հետաքննել:
«Նախկինում կատարված հետաքննություների արդյունքում դատարանի ոչ մի դատավոր չի ցանկացել խորանալ դատական գործում եւ դատավարությունը տարել է հանցագործությունը կոծկելու ուղղությամբ` որոշման մեջ նշելով, որ փաստը չի հաստատվել, որպեսզի փրկի պետության դեմքը միջազգային հանրության առաջ: Նույնը կատարվում է նաեւ պաշտպանության նախարարության բնագավառում: Այդտեղ զինվորները հաճախակիորեն ծեծի եւ խոշտանգումների են ենթարկվում հրամանատարների կողմից, սակայն, այդ դեպքերը եւս չեն հետաքննվում»,- ասել է նա:
Է.Բեհբուդովը բողոքել է, որ 2010 թ-ին Արդարադատության նախարարությունը թույլ չի տվել իր գլխավորած կառույցին մոնիտորինգ անցկացնել կալանավայրերում` նշելով, որ դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանում խոշտանգումների փաստերը հասարակությունից աշխատում են թաքցնել պետական մակարդակով: