Հ. Հակոբյան. Փոխվել է Սփյուռքի վերաբերմունքը Հայրենիքի նկատմամբ
Սփյուռքի նախարարության գործունեության ընթացքում արդեն իսկ նկատելի է Սփյուռքի վերաբերմունքի փոփոխությունը Հայրենիքի, Սփյուռքի նախարարության ու նրա կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ: Այսօր ամփոփելով տարին, ընթացող ասուլիսում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ի դեպ, ասուլիսը ուղիղ կերպով հեռարձակվում է տարբեր երկրներում գործող ռադիոընկերություններով ու առցանց:
Ներկայացնելով թվային տվյալներ նախարարն ասաց, որ մեկ տարվա ընթացքում նախարարություն է այցելել 1601 քաղաքացի, որից նախարարն ընդունել է 756-ին: Նրանցից ՀՀ քաղաքացիներ են եղել 687-ը, 923-ը եղել են սփյուռքահայեր:
Հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերն արդեն հայտնի են: Մշակվել է «Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մանրակերտերի պատրաստում և տեղադրում» ծրագրի նախագիծը, ըստ որի արտերկրում գտնվող որոշ հուշարձանների մանրակերտեր տեղադրվելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում:
Մշակված է նաև «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի ծրագրի նախագիծը: Նախարարությունն առավել կարևորում է Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարանի ստեղծումը, Հայ բարերարների ճեմուղու համալրման ու բարեկարգման աշխատանքները: