«Արմենիա» առագաստանավն այժմ շարժվում է դեպի Սանտյագո դե Չիլի
Շարունակվում է հայկական առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: «Արմենիա» առագաստանավն այժմ շարժվում է դեպի Սանտյագո դե Չիլի:
Հիշեցնենք, որ 2009 թ. մայիսի 28-ին իսպանական Վալենսիա նավահանգստից մեկնարկել է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունը: Մշակվել է հատուկ երթուղի` չի շրջանցվելու աշխարհի որևէ անկյուն, որտեղ գոնե մեկ հայ է ապրում:
«Մեսրոպ Մաշտոց» արշավախումբը, որի կազմում են նաև «Կիլիկիա» առագաստանավի նավաստիները, հաջողությամբ կատարում է առաքելությունը: Ճանապարհորդության ընթացքում հայ նավաստիներն արդեն հասցրել են մեկ անգամ կտրել-անցնել Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները, հաղթահարել ծովայինների համար ամենադժվարը համարվող Հորն հրվանդանը: Հորն կղզում կանգնեցվել է խաչքար՝ աշխարհում բոլոր ժամանակների զոհերի հիշատակի համար: «Արմենիան» այժմ նավարկում է դեպի Սանտյագո դե Չիլի:
Առաջին հայկական շուրջերկրյա նավարկությունն իրականացնող արշավախմբի ղեկավար, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը տեղեկացրել է, որ իրենք պետք է հատեն ողջ Խաղաղ օվկիանոսը՝ շարժվելով դեպի Նոր Զելանդիա, Ավստրալիա, ապա՝ Հնդկական օվկիանոսով դեպի Սինգապուր:
«Այստեղ 1895 թ. կառուցված գեղեցիկ, պատմական պահեր ապրած եկեղեցի կա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այստեղից մենք պետք է նավարկենք դեպի Հնդկաստան, Կարմիր ծովով դուրս գանք Միջերկրական ծով, որտեղ արդեն կկարողանանք համարել, որ հայկական առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը կայացել է»,- ասել է Զորի Բալայանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը