Դերսիմում հայերը շատ են, սակայն վախից չեն խոստովանում
Թուրքիայում գործող Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության միության հիմնադիր Միհրան Գյուլթեքին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Դերսիմում բնակվող դավանափոխ հայերի պատմությունն ու խոսեց նրանց խնդիրներից: Բանախոսը նշեց, որ իր ներկայացրածը 100-ամյա եղելություն է: Ներկայացնելով փաստերը նա նշեց, որ Դերսիմում բնակվող բոլոր ցեղատոհմերի մեջ կարելի է անպայման հայկական արմատներ կգտնել:
Դերսիմահայը նշեց, որ «ծպտյալ» հայ մնալու հիմնական պատճառը վախն է:
Խոսելով իր ընտանիքի մասին, նան նշեց, որ այն բոլորին հայտնի է որպես հայ ընտանիք, սակայն հենց դրա համար իրենք ստիպված են եղել հարևանների կողմից «ծուռ հայացքների» արժանանալ ու հայ լինելը որոշակիորեն ընդդիմություն էր համարվում: Գյուլթեքին նշեց, որ իր ընտանիքում շատ է քննարկվել արմատներին վերադառնալու հարցը, սկզբում նա արխիվներին ծանոթանալուց հետո դիմել է դատարան` փոխել անունը: Դրանից հետո հիմնել է «Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության» միությունը: «Երբ հիմնեցի միությունը, արդեն իսկ ծրագրերումս կար գալ Երևան, ծանոթանալ քաղաքի, տեղի միությունների հետ: Ու արդեն այստեղ եմ: Հայաստանում առաջին անգամ եմ: Սա շատ անսպասելի այցելություն էր, բայց սրան կհաջորդեն մյուսները: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»,-ասաց նա:
Բանախոսը նշեց, որ Դերսիմի գյուղերի 75%-ը հայաբնակ են: «Tet-a-tet» (դեմ առ դեմ) շփման ժամանակ տեղի հայերը բոլորն էլ խոստովանում են իրենց արմատները, սակայն վախենում են դիմել դատարան ու վերականգնել իրենց իսկական` հայկական անունները: Բանախոսը նշեց, որ իշխանությունները առանձնապես ճնշում չեն գործադրում, սակայն նրանք ավելի շատ վախենում են հոգեբանական ճնշումից, ինչը, ցավոք, առկա է:
Նշենք, որ Դերսիմում ու ընդհանրապես Թուրքիայում ապրող դավանափոխ հայերը որպես հայ չեն ընդունվում` նրանք մահմեդականներ են: