Համանախագահներ. Ժամանակն է դիմել վճռական գործողությունների
Տարածաշրջան կատարած այցի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Փետրվարի 8-11-ը, նրանք ողջ կազմով լինելով նախ` Երևանում, ապա Բաքվում, հանդիպումներ են ունեցել երկու երկրների նախագահների, արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների հետ:
«Եվ Երևանում, և Բաքվում ունեցած հանդիպումներում համանախագահներն ընդգծել են, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում ժամանակն է վճռական գործողությունների դիմել»,-ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո կատարված աշխատանքի արդյունքում դրական առաջընթաց է եղել, և կողմերին հորդորել են շարունակել առաջընթացը՝ խաղաղ գործընթացի հաջորդ փուլ անցնելու հնարավորություն ստեղծելու համար։
Նրանք իրենց աջակցությունն են հայտնել կողմերին` խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար:
«Խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու համար համանախագահները կողմերին կրկին հորդորում են զսպվածություն ցուցաբերել թե՛ իրենց գործողություններում, թե հայտարարություններում»,- ասված է նրանց հայտարարության մեջ: