ՀՀ վարչապետ. Վրաստանում և Հայաստանում գնաճը մնում է այս տարվա լրջագույն մարտահրավերներից մեկը
Ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում գնաճը մնում է այս տարվա լրջագույն մարտահրավերներից մեկը: Այս մասին այսօր Երևանում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքերով, Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են, թե ինչ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում և Վրաստանում, որոնք կարող են մեղմել գնաճի բացասական հետևանքները։
«Ընդհանուր եզրահանգումը կայանում է նրանում, որ այսօր աշխարհը չի առաջարկել արդյունավետ գործիքներ, որոնք հնարավորություն կստեղծեն չեզոքացնել արտաքին աշխարհից եկող բարձր գնաճային ճնշումները»,- ընդգծեց Տ. Սարգսյանը՝ հավելելով, որ գնաճը հայկական և վրացական ֆենոմեն չէ, այլ պայմանավորված է համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակով:
Վարչապետի խոսքերով, գնաճի մեղմման ուղությամբ կիրառվում են բոլոր ավանդական հայտնի գործիքները, ինչպես նաև սոցիալական փաթեթներ:
Նա նշեց, մասնավորապես 2010թ.-ին բարձրացվել են սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները, որոնց նպատակն էր առաջին հերթին պաշտպանել սոցիալապես անապահով խավերին: Տ.Սարգսյանը հայտնեց, որ 2011թ.-ին կիրառելու են սոցիալական սուբսիդիա գյուղացիական տնտեսությունների համար, որի նպատակն է օգնել սոցիալական խնդիրներ ունեցող գյուղացիներին և համայնքներին:
Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին նշեց, որ նմանատիպ ծրագրեր էլ իրականացվում են նաև Վրաստանում: