Ադրբեջանի իշխանությունը հակերային խումբ է պատրաստում ընդդիմության դեմ
Սոցիալական ցանցերն արդեն դարձել են ավտորիտար վարչակարգերի թշնամին: Եգիպտոսում հաջողությամբ ավարտված հեղափոխությունից հետո, ինչում կարևորվում է «Facebook» սոցիալական ցանցի դերը, հեղափոխությունների վտանգ կրող երկրների իշխանություններն արգելափակում են ինտերնետային որոշ կայքեր:
Այս առումով վերջին շրջանում լարվածություն է տիրում նաև Ադրբեջանում: Համաշխարհային բանկի հրահրմամբ և 1 մլրդ դոլար ֆինանսական միջոցներով անցկացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը կարող է բանսարկությունների պատճառ դառնալ Ադրբեջանում:
«Pia.az»-ին հասած տեղեկություններով, հեղափոխությունից զգուշացող Ադրբեջանի իշխանությունը մտադիր է կրկնել ավտորիտար ռեժիմների քայլերը և երկրի տարածքում սահմանափակել ինտերնետի գործունեությունը:
Այդ մասին տեղեկացրած աղբյուրի խոսքով, ինտերնետն ամբողջությամբ չարգելվելու պայմաններում էլ իշխանությունը տեխնիկական խոչընդոտներ է ստեղծելու որոշ ընդդիմադիր կայքերի և սոցիալական ցանցերի գործունեության համար:
«Արդեն երևում են դրա առաջին նախանշանները. սահմանափակվել է մուտքը դեպի «Ազատություն» ռադիոկայանի վեբ կայքեր: Նման խնդրի առաջ է կանգնել նաև «Ենի Մուսավաթ» թերթի էլեկտրոնային տարբերակը: Որոշ շրջաններում ինտերնետից օգտվելը շատ դժվարացել է: Մոտ օրերին իրեն ընդդիմադիր ներկայացնող, բայց իրականում իշխանությանը մոտ մի հակերային խումբ հարձակում է ծրագրում ընդդիմադիր կայքերի և սոցիալական ցանցերի վրա, իսկ այդ հարձակումները չեզոքացնելու հնարավորություն ամեն խմբագրություն չէ, որ ունի», - գրում է «Pia.az»-ը: