Աֆղանստանում զոհվել է մեկ, վիրավորվել երկու վրացի զինծառայող
Աֆղանստանում ռազմական առաջադրանքի կատարման ժամանակ ականի պայթյունից զոհվել է մեկ, վիրավորվել` երկու վրացի զինծառայող: Այս մասին հաղորդում է «Civil.ge» կայքը: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի Հելմանդ նահանգում տեղակայված վրացական զորամիավորման տարածքում: Նախնական տեղեկատվության համաձայն, միջադեպն արձանագրվել է զինվորների ցուցաբերած անզգուշության արդյունքում:
Երկրի պաշտպանության գերատեսչությունն ու նախագահ Սահակաշվիլին իրենց ցավակցություններն են հայտնել զոհվածի ընտանիքին:
Նշենք, սա արդեն վեցերորդ վրացի զինծառայողն է, ով Աֆղանստանում գտնվող վրացական զորամիավորման կազմում զոհվում է դժբախտ պատահարում; Ավելի վաղ, նախորդ տարվա սեպտեմբերին երկու տարբեր միջադեպերում 5 զինծառայող էր զոհվել ականի պայթյունից: