Նիկոլա Սարկոզի. Թուրքիայի տեղը Եվրամիությունը չէ, այլ` Մերձավոր Արևելքը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր 5-6 ժամանոց կարճատև աշխատանքային այցով ժամանելու է Թուրքիա: Ընդ որում Սարկոզին ժամանելու է ոչ թե Ֆրանսիայի նախագահի, այլ «G-20»-ի նախագահությունը ստանձնած անձի կարգավիճակով:
«CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սարկոզին այցից առաջ հարցազրույց է տվել թուրք անվանի լրագրող և վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդին:
Ի դեպ` Ելիսեյան պալատը թուրք լրագրողին հնարավորություն է տվել միայն գրավոր կերպով հարցեր ուղղել և պատասխաններ ստանալ: «CnnTurk»-ը ներկայացրել է այն հստակ ուղերձները, որոնք Սարկոզին հղել է Թուրքիայի իշխանական վերնախավին և հասարակությանը:
- Թուրքիայի իրական տեղը Եվրամիությունը չէ, այլ` Մերձավոր Արևելքը:
- Թուրքիայի եվրաանդամակցությունը մեծ հաշվով ոչ Եվրամիությանը, ոչ էլ Թուրքիային օգուտ չի բերի:
- Թուրքիան կամրջում է արևելքն ու արևմուտքը: Այդ բացառիկ դերակատարություն ուրիշ ոչ մի երկիր չի կարող ունենալ:
- Չպետք է բանտարկված մնանք անցյալի կաղապարների մեջ:
- Կարծում ենք, որ Թուրքիայի հետ շատ սերտ համագործակցելու ենք Մերձավոր Արևելքում:
- Թեև Թուրքիան կարող է Իրանին համոզել, բայց Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ավելացումից բացի այլ հնար չկա:
- Ֆրանսիան երրորդ օտարերկրյա ներդրողն է Թուրքիայում: 2010-ին երկկողմ առևտրաշրջանառությունը ծավալը կազմել է 12 մլրդ եվրո: Նպատակադրված ենք ավելացնել այդ ծավալները:
- «G-20»-ում Թուրքիան նփոխարինելի գործընկեր է: Ցանկանում եմ ստանալ Թուրքիայի աջակցությունը «G-20» գործերում:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մտահոգություն էր հայտնել այն առնչությամբ, որ, չնայած Թուրքիայի նախագահն ու վարչապետը պաշտոնական այցերով եղել են Ֆրանսիայում, բայց Սարկոզին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո այդ կարգավիճակով չի այցելել Թուրքիա: