
Աշակերտներն այսօր անվճար այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ և թանգարաններ անվճար աբոնեմենտներով այցելության ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի թ.4 և 52 դպրոցների միջին դասարանների շուրջ 70 աշակերտ այսօր այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, դպրոցների հետ համաձայնեցված ծրագրով, սահմանված ժամանակացույցի համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 3–6–րդ դասարանների աշակերտները Երևան քաղաքի պատմության թանգարան կայցելեն յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։
«Վստահ ենք, որ աշակերտները սիրով և հաճույքով կայցելեն ոչ միայն թատրոններ, այլև թանգարան։ Կրթություն ստանալը միայն դպրոցում առարկաներ սովորելը չէ. կարևոր է ստացած տեսական գիտելիքը նաև դիդակտիկ միջոցներով ամրապնդելը։ Քաղաքապետարանի նախաձեռնության նպատակը երեխաներին ճշմարիտ արվեստին մոտեցնելը, ազգային արժեքների նկատմամբ սիրո և հավատի սերմանումն ու ամրապնդումն է։ Աշակերտը նաև մշակութային կրթություն պետք է ստանա», – նշել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Թանգարանում երեխաների համար էքսկուրսիաները, կախված տարիքային խմբից, կազմակերպվում են խաղերի, խաղ դասերի ձևով։ Աշակերտները հնարավորություն ունեն ծանոթանալու Երևան քաղաքի պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Լրահոս
Տեսանյութեր


