Ադրբեջանի իշխանության հակահեղափոխական ծրագիրը
Վերջին շրջանում ընդդիմության ակտիվացումից անհանգստացած Ադրբեջանի իշխանությունը «ժողովրդական բանակ» ստեղծելու նպատակով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կառույցների, ինչպես նաև վարչական լծակների միջոցով լայն շփումներ է սկսել հասարակության հետ: Բանակի, ոստիկանության նկատմամբ վստահությունը կորցրած ժողովրդի դեմ վարչակարգի տեխնոլոգներն ինտենսիվացրել են իրենց ամենահավատարիմ պաշտոնյաների շուրջ հատուկ ջոկատներ ստեղծելու գործընթացը: Այս մասին գրել է «Ենի Մուսավաթ» թերթը:
Նրա խոսքով, ուսուցիչները, դասախոսները, իշխող կուսակցության ակտիվիստները մտնում են լսարաններ և պահանջում չմասնակցել ընդդիմության ակցիաներին, «չընկնել Ադրբեջանի բարօրությունը չցանկացող օտարերկրյա ուժերի ազդեցության տակ»: Նույն քարոզչությունն արվում է նաև բյուջետային ոլորտի աշխատողների շրջանում:
Գործը դրանով չի ավարտվում: Իշխանությունը կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փողերի մի մասը օգտագործում է իրեն հավատարիմ «հասարակություն», ինչպես նաև «հարվածային խմբեր» ձևավորելու համար, որոնք պետք է օգտագործվեն մոտ ապագայում հնարավոր ժողովրդական ալիքի դեմ:
Այդ խմբավորումները ձևավորվում են Նավթի պետական ընկերության պահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Բաքվի քաղաքապետարանի, Մաքսային կոմիտեի և Հարկերի նախարարության հատուկ նշանակության ծառայությունների կազմում, որոնք անմիջապես գործողության կդրվեն ժողովրդական բողոքներ և ընդդիմության ակցիաներ սկսվելու դեպքում:
Ժողովրդական բողոքների դեմ «ժողովրդական զանգվածների» անվան տակ գործելու սկզբունքն այն է, որ իբր Ադրբեջանում իշխանության դեմ բողոքողների չափ իշխանությանն աջակցող զանգված էլ կա: Այդ խմբերի յուրաքանչյուր 20 անդամին իշխանության կողմից ներկայացուցիչ-ղեկավար կա նշանակված, որի ցուցումով վերջիններս պետք է բողոքի ակցիաների ժամանակ, խառնվելով ժողովրդի մեջ, հայրենասիրական կարգախոսներ հնչեցնեն, իշխանության դեմ գործողությունները հանցագործություն համարեն և այլն:
«Նման կառույցներ գործում են նաև Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի համար, որոնք նրա վարչակարգը մինչ այժմ պահպանող հիմնական տարրն են: Նման «հասարակություն» կար նաև Հոսնի Մուբարաքի և բին Ալիի զինանոցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի ոտքի կանգնելու դեպքում նրա դեմը ոչնչով առնել հնարավոր չէ»,- եզրահանգում է «Ենի Մուսավաթը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը