Արցախի նախագահը հյուրընկալվել է Ֆրանսիայի խորհրդարանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Ֆրանսիայի Ազգային ժողով և հանդիպել մի խումբ պատգամավորների հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Ազգային ժողովի դերակատարությունը մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման գործում՝ այն համարելով կարևոր թե քաղաքական և թե մարդասիրական տեսանկյուններից:
Ըստ աղբյուրի, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին և նրա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին ղարաբաղյան հիմնախնդիրը օբյեկտիվորեն ներկայացնելու, Եվրոպայում Արցախի ճանաչելիությանը նպաստելու և Մեծ Եղեռնի ճանաչմանն ուղղված հետևողական ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում արծարծվել է Արցախի ներքին և արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը և երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: