Լիբիայի ռազմաօդային ուժերը ոչնչացված են. բրիտանական ռազմական հրամանատարություն
Լիբիայի ռազմաօդային ուժերը որպես մարտական ուժ ոչնչացված են: Ինչպես փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հայտարարել է բրիտանական ռազմական հրամանատարության ներկայացուցիչ փոխմարշալ Գրեկ Բեգուելը:
Նրա խոսքերով, կոալիցիոն ուժերի ավիացիան ներկայումս կարող է անխոչընդոտ թռչել Լիբիայի օդային տարածքով առանց դիմակայության ու սպառնալիքի:
«Մենք անընդհատ հետևում ենք Լիբիայի ցամաքային ուժերի տեղաշարժին ու գրոհում ենք, եթե դրանք սպառնում են խաղաղ բնակիչներին կամ բնակակավայրերին», - ավելացրել է փոխմարշալը:
Միաժամանակ, անորոշ է մնում կոալիցիոն զորքերի ղեկավարության հարցը, ՆԱՏՕ-ի հավանական մասնակցությունն ու դերակատարությունը ռազմական գործողություններին: Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին հակառակ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, թե ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ի մասնակցությունը կրելու է միայն տեխնիկական բնույթ: «ՆԱՏՕ-ն լինելու է որպես նախագծման ու օպերատիվ կառավարման գործիք: Այն չի իրականացնելու օպերացիայի քաղաքական ղեկավարումը», - ասել է Ժյուպեն:
Ռազմական օպերացիայում ՆԱՏՕ-ի մասնակցությանը դեմ են նաև դաշինքին անդամ մի շարք պետություններ:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ- ի անդամ 28 պետությունների երեք օր տևած խորհրդակցությունների արդյունքում այդպես էլ չի հաջողվել պայմանավորվածություններ ձերք բերել դաշինքի լիբիական հակամարտությունում դերակատարության վերաբերյալ:
Տեղեկատվության համաձայն, մոտակա երեքշաբթի Լոնդոնում անցկացվելու է կոալիցիայի նիստ, որտեղ պետք է որոշումներ ընդունվեն Լիբիայում ռազմական գործողությունների հետագա ճակատագրի վերաբերյալ: