Ադրբեջանի կառավարությունը քաղաքացիներին գազը վաճառում է ինքնարժեքից 10 անգամ թանկ
Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի փորձագիտական խումբը պարզել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 1000 խմ գազը բնակչությանը հասցնելու համար ծախսում է 10 մանաթ (12 դոլար), սակայն այն քաղաքացիներին վաճառվում է 100 մանաթով (120 դոլար): Այս մասին հայտնում է «Բիզիմ յոլ» թերթը:
Փորձագիտական խումբը հայտնել է, որ 2009 թ-ի հուլիսի 1-ից «SOCAR»-ը Ադրբեջանի բնակչության համար գազի գինը 1000 խմ-ի համար 47,2 մանաթից բարձրացրել է 100 մանաթ` այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով բնակչության` ընկերությանն ունեցած պարտքը մարելու համար 327 մլն մանաթ գումար է հատկացվել:
««SOCAR»-ի հաշվետվություններով, 1000 խմ գազի ինքնարժեքը կազմում է 34,55 մանաթ: Երկրի ներսում գազի փոխադրման և բախշման վրա պետության կատարած ծախսից հետո գազի գինը չի կարող գերազանցել 50 մանաթը, քանի որ գազի խողովակաշարերի վրա ծախսերը ոչ թե ընկերությունն է կատարում, այլ այն փոխհատուցվում է պետական բյուջեի հաշվին: Ստացվում է, որ SOCAR-ը երկրի ներքին շուկայում 100 տոկոսանոց շահույթ ունի:
Սակայն խնդիրը նրանում է, որ SOCAR-ի նշած 34,55 մանաթ ինքնարժեքը վերաբերում է բնական գազի արդյունահանմանը: Իրականում SOCAR-ի կողմից Ադրբեջանի բնակչությանը վաճառվող ապրանքային գազի մեծ մասը կազմում է կողմնակի գազը, որը արդյունահանվում է նավթի արդյունահանման հետ զուգահեռ, և նրա վրա ծախսը մտնում է նավթի ինքնարժեքի մեջ:
Պետական վիճակագրական տվյալներով, 2008 թ-ին (ավելի թարմ տեղեկություններ չկան) Ադրբեջանում արդյունահանվող ապրանքային գազի 75,9 տոկոսը կազմում է կողմնակի, այսինքն` նավթին զուգահեռ դուրս եկող գազը: «BP-Azerbaijan»-ի տվյալներով, 2010 թ-ի ընթացքում այդ ընկերությունը 3,4 մլրդ խմ, գրեթե անվճար, կողմնակի գազ է հանձնել SOCAR-ին, ինչն ամբողջ տարվա համար ծրագրված ծավալից դեռ 1,9 մլրդ խմ էլ ավելի է: Փաստորեն, 1000 խմ գազի իրական արժեքը 10 մանաթից չգերազանցող գազը Ադրբեջանի բնակչությանը վաճառվում է 100 մանաթով», -հայտնում է փորձագիտական խումբը և հավելում, որ Ադրբեջանի տարիֆային հանձնաժողովը պետական մակարդակով այդ ավազակությունը հետազոտելու ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան