Էրդողանը դարձել է իր իսկ ամբարտավանության զոհը
Թուրքական «CnnTurk» լրատվականի տեղեկացմամբ` օրերս ԵԽԽՎ-ում Թուրքիայի վարչապետ Էրդողանին սկանդալային հարց ուղղած ֆրանսիայի եվրախորհրդարանականը` Մուրիել Մառլան–Միլիտելոն, հայկական արմատներ ունի: Նրա մայրը Ստամբուլի հայ է եղել, պապն ապրել է Քադըքոյ թաղամասում:
«Ազգանունս Սելյան է: Պապիկս թուրքահայ է: Շատ լավ տիրապետում էր թուրքերենին: Հայերեն ևս գիտեր: Բայց ֆրանսերեն չգիտեր», -ասել է 68-ամյա եվրախորհրդարանականը` հավելելով, որ իր ցեղասպանության տարիներին մահմեդական մի ընտանիք է օգնել իր պապերին փրկվել` գաղթելով Թուրքիայից:
Հիշեցնենք, որ Մուրիել Մառլան–Միլիտելոն Էրդողանին հարցրել էր. «Թուրքիայում փոքրամասնությունների կրոնական ազատություն չկա: Բոլոր կրոնական փոքրամասնությունների իրավունքները հավասարապես պահպանելու համար ի՞նչ երաշխիք կարող եք մեզ տալ»: Էրդողանն էլ ամբարտավան կեցվածք էր դրսևորել` ասելով. «Ցանկանում եմ Ձեզ հրավիրել Թուրքիա: Դուք, ինչպես երևում է, Թուրքիան լավ չեք ճանաչում, գործում եք զգացմունքների ազդեցությամբ: Կարծում եմ, որ մեր այս ընկերը ֆրանսիացի է, այնպես չէ°: Բայց, ախր, Թուրքիայի հանդեպ էլ եք ֆրանսիացի մնացել... Մեզանում այսպիսի մի լավ խոսք կա. «Թուրքիայի հանդեպ շատ ֆրանսիացի եք»:
Թուրքիայում հեգնական տոնով անվանվում է ֆրանսիացի նա, ով, լավ իրազեկված չլինելով հանդերձ, խոսում է որևէ հարցի մասին: Փաստորեն, ստացվում է այնպես, որ Էրդողանն ինքն է դարձել իր ամբարտավանության զոհը. հենց ինքն է հայտնվել «անիրազեկ ու անիմաստ խոսողի» դերում, քանի որ ֆրանսիացի է անվանել նրան, ով արմատներով թուրքահայ է ու քաջ գիտի Թուրքիան:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան