Սերժ Թանկյան. «Պարոն նախագահ, կատարիր քո խոստումը, արդարությունը հասցրու բոլոր հայերին»
«Պարոն նախագահ, կատարիր քո խոստումը, արդարությունը հասցրու բոլոր հայերին» կոչով բողոքի ակցիա է տեղի ունենալու ապրիլի 21-ին Կալիֆոռնիայում: Նման հայտարարություն է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր բլոգում տարածել հայազգի աշխարհահռչակ երգիչ, «System of a down»-ի մենակատար Սերժ Թանկյանը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սան Ֆրանցիսկոյում լինելու է ապրիլի 20-ին, իսկ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ` ապրիլի 21-ին այցելելու է Լոս Անջելես, որտեղ մեկնարկելու է իր վերընտրության քարոզարշավը երկու գլխավոր դրամահավաքներով` «Օբամա 2012թ. հաղթանակի հիմնադրամ» անվամբ:
«Նա պետք է լսի մեր հայկական համայնքի խորը հիասթափությունը այն բանից, որ իր տված խոստումը նախագահության տարիներին չկատարեց: Նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և արդարությունը հասցնի հայությանը: Լինելով ամենամեծ հայկական Սփյուռքը, պետք է մեր կոչը հասցնենք նրան: Մենք կոչ ենք անում բոլոր հայերին միանալ մեզ` մեր ձայնը տեղ հասցնելու համար», -ասված է հայտարարության մեջ:
Նկատենք, որ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր վերջին հոդվածում նշել էր, որ առաջիկա 18 ամիսներին ամերիկահայերը պետք է նախագահի յուրաքանչյուր քարոզարշավային այցի ընթացքում ցույցեր կազմակերպեն ամբողջ երկրով մեկ, մինչև 2012-ի նոյեմբերի նախագահական ընտրությունները: «Պատեհ առիթ է Նախագահի անվստահելիությունը բացահայտելու համար, առավել ևս, երբ նա իր ցածր վարկանիշով խոցելի է վերընտրության քարոզարշավը մեկնարկելիս: 2012 թվականի նախագահական ընտրություններում հայերի կարգախոսը պետք է լինի «Ո'չ մի ձայն և ո'չ մի դոլար Օբամայի համար», ասել էր նա: