Ինչո՞ւ է ադրբեջանական բանակում զոհերի ու վիրավորների թիվն աճում
«Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հարգում են հրադադարի ռեժիմը: Իսկ ինչ վերաբերվում է տարածված տեղեկատվությանը, ապա դա երևի թե ադրբեջանական բանակում գրանցված հերթական միջադեպի արդյունքն է, որով Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր բանակում տիրող բարոյահոգեբանական ցածր վիճակը»- մեկնաբանելով ադրբեջանական կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե ղարաբաղյան ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Panorama.am-ին պարզաբանեց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ նախօրեին Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում հերթական արտակարգ միջադեպն էր գրանցվել, ինչի արդյունքում զինծառայող էր մահացել: Զինվորի մահվան հանգամանքների վերաբերյալ պաշտոնական Բաքուն մանրամասներ չէր ներկայացրել, պարզապես նշել էր, թե զինծառայողը հիվանդության պատճառով է մահացել: