Ստամբուլում հրավիրվել է ասուլիս` սպանված հայ լրագրողների թեմայով
Ստամբուլում հրավիրվել է գրողների և լրագրողների մամուլի ասուլիս, որի ժամանակ բարձրաձայնվել է 1915-ի ջարդերին զոհ գնացած հայ լրագրողների մասին: Ըստ թուրքական «Cumhuriyet» օրաթերթի` ասուլիսին մասնակցել են «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, թուրք լրագրողներ Ալի Բայրամօղլուն, Բյուլենթ Թելլանը, գրող և հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն և այլք: Քոփթաշը հայտարարել է, որ սպանված լրագրողների մասին «Թուրքիայի լրագրողների միության» (ԹԼՄ- TGC) և «Ժամանակակից լրագրողների միության» (ԺԼՄ- ÇGD) կազմած ցուցակները թերի են և չեն ներառում 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված ու սպանված բազմաթիվ հայ գրողների, լրագրողների, խմբագիրների անունները: Այդ անճշտության հետևանքով էլ թուրք հանրությունն անիրազեկ է մնացել` կարծելով թե մինչև օրս Թուրքիայում սպանվել է միայն մեկ հայ լրագրող` Հրանտ Դինքը:
Քոփթաշը հիշեցրել է, որ 2010թ. լրագրող Բյուլենթ Թելլանը «Արյունոտ գրաքննություն» վերտառությամբ զեկույց էր կազմել, որտեղ նշված է եղել 1915-ին սպանված 22 հայ լրագրողների և ազգությամբ ոչ հայ ևս 10 լրագրողների մասին: Այդ զեկույցը ներկայացվել է լրագրողների սպանությունների հետազոտության վերաբերյալ «Թուրքիայի լրագրողների միության» հայտարարած մրցույթին և արժանացել ժյուրիի ուշադրությանը: Բայց այդպես էլ հիշյալ լրագրողների անունները չեն ընդգրկվել սպանված լրագրողների այն ցանկում, որը հրապարակվում է ամեն տարի ապրիլի 6-ին. Այդ օրը Թուրքիայում սգում են սպանված լրագրողների հիշատակը:
Այդուհանդերձ այս տարվա փետրվարին «ԺԼՄ»-ն իր կազմած ցուցակում վերջապես ներառել էր սպանված 9 հայ լրագրողների անունները (Գրիգոր Զոհրապ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան, Ռուբեն Սևակ, Ռուբեն Զարդարյան, Արմեն Դորյան, Լևոն Լարենց և Դանիել Վարուժան): Ռագըփ Զարաքոլուն էլ, նշելով, որ հայերը զգալի ավանդ են ունեցել օսմանյան լրագրության ու գրատպության զարգացման գործում, «Թուրքիայի լրագրողների միություն»-ից պահանջել է նահատակ հայ լրագրողների անունները ներառել համապատասխան ցանկում և նրանց համար տեղ հատկացնել Թուրքիայի մամուլի թանգարանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը