Երթ Թուրքիայում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության. «Այս վիշտը մեր բոլորի վիշտն է»
«Hürriyet Daily News»-ի տեղեկություններով, ապրիլի 24-ին, այն օրը, երբ որոշ երկրներ նշում են Օսմանյան կայսրության փլուզման տարիներին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, հակա-ռասիստները Թուրքիայում կազմակերպելու են մի շարք բողոքի ակցիաներ և երթեր:
Ըստ «Hürriyet Daily News»-ի` «Ո՛չ ռասիզմին և ազգայնամոլությանը» անունը կրող կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները սկսելու են Ստամբուլում, ինչպես նաև միաժամանակ նմանատիպ ցույցեր են կազմակերպվելու նաև Անկարայում, Բոդրումում, Բուրսայում, Դիյարբեքիրում և Իզմիրում:
Երթի մասնակիցները հետևելու են «Այս վիշտը մեր բոլորի վիշտն է» կարգախոսին:
«Hürriyet Daily News»-ի հետ հարցազրույցում անվանի լրագրող և գիտնական Ջենգիզ Աքթարը նախաձեռնությունը նկարագրում է որպես «քաղաքացիական կարևոր նախագիծ»:
«Այսօր հասարակայնորեն կազմակերպվում են հիշատակման նմանատիպ միջոցառումներ, դա խստագույնս անհրաժեշտ է: Թուրքիայի ժողովուրդը ստիպված է դեմ հանդիման կանգնել պատմության այդ ողբերգական հատվածի հետ: Վերջին տարվա զոհերի հիշատակին նվիրված միջոցառման մասնակիցների շարքերը այսօր մի շարք նոր անուններով է համալրվել, և այդ շրջանակը դեռ ավելանում է», - ասել է Աքթարը, ով նույնպես թերթի թղթակիցներից է, ինչպես նաև «Ես ներողություն եմ հայցում» արշավի առաջնորդներից:
Մոտավորապես 30,000 մարդ, այդ թվում նաև մի շարք մտավորականներ և լրագրողներ ստորագրել են այն խնդրագրի տակ, որում մասնավորապես նշվում է. «Իմ խիղճը չի ընդունում ցուցաբերված անտարբերությունը և 1915-ի հայերի կրած ողբերգության մերժումը»: