Եվրամիությունը բացասաբար է արձագանքել Կարսի հուշարձանի ապամոնտաժմանը
Կարսում տեղակայված «մարդկայնության հուշարձանի» ապամոնտաժման աշխատանքների մեկնարկը բացասական արձագանք է ստացել Եվրամիությունից (ԵՄ): ԵՄ-Թուրքիա խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հելեն Ֆլյոթղը կատարվածը բնութագրել է որպես մտահոգիչ իրողություն:
«Անավարտ հուշարձանի քանդումն ըստ էության գրաքննություն է` ուղղված արվեստի ստեղծագործությունների դեմ: Այդ հուշարձանը միևնույն ժամանակ իրենից ներկայացնում էր հայ-թուրքական բարեկամության նախագիծ, մինչդեռ դրա ապամոնտաժմամբ փաստորեն ի չիք է դառնում նաև արձանի ուղերձը»,- ըստ թուրքական «Hurriyet» օրաթերթի` հայտարարել է Հելեն Ֆլյոթղը:
Հիշեցնենք, որ Հուշարձանի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալով, փոխվել է` «մարդկայնության հուշարձան»-ի: Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող վերոնշյալ հուշարձանը ստեղծվել է Կարսի քաղաքապետարանի պատվերով: Հունվարի 8-ին Կարս այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել էր ապամոնտաժել Կարսում տեղադրված «Մարդկայնության հուշարձանը»` այն անվանելով անճոռնի և այլանդակ: