Միջազգային հանրությունը քննադատում է Կարսի հայ-թուրքական հուշարձանի ապամոնտաժումը
Թուրքիայի վարչապետը մարդասիրություն խորհրդանշող Կարսի հուշարձանն անվանել էր «անճոռնի ու հրեշավոր»: Սա, ըստ թուրքական «Hurriyet» օրաթերթի արժանացել է համաշխարհային մամուլի քննադատությանը:
Թուրքիայի և Հայաստանի միջև համերաշխություն խորհրդանշող այդ հուշարձանի ապամոնտաժումն արդեն սկսվել է: Արվեստագետների` հուշարձանի քանդումը կանխելու ջանքերն ապարդյուն եղան: Ավելին, հայտնի մի նկարիչ այս թեմայով ելույթ ունենալուց հետո դանակահարվեց:
Ստորև ներկայացնում ենք արտասահմանյան մի քանի հեղինակավոր թերթերում տեղ գտած քննադատությունները` Կարսի հուշարձանի քանդման վերբերյալ:
Wall Street Journal
Վարչապետ Էրդողանը կարգադրեց քանդել Թուրքիայի և Հայաստանի միջև համերաշխության հուշարձանը` ի նշան այն բանի, որ սահմանի վերաբացման և 2 հարևանների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը սառեցված են:
The Independent
Թուրքիայի ու Հայաստանի համերաշխությանը մեկնված ձեռքը հետ է քաշվում:
Liberation
Հայ-թուրքական համերաշխությունը հօդս ցնդեց:
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող վերոնշյալ հուշարձանը ստեղծվել է Կարսի քաղաքապետարանի պատվերով: Հունվարի 8-ին Կարս այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել էր ապամոնտաժել Կարսում տեղադրված «Մարդկայնության հուշարձանը»` այն անվանելով անճոռնի և հրեշավոր: Հուշարձանի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալով, փոխվել է` «մարդկայնության հուշարձան»-ի: