«Մուսա լեռան 40 օրը»` մենաներկայացմամբ
Մայիսի 16-ին, ժամը 19.00-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանսիսկո) կներկայանա Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» մենաներկայացումով: Ներկայացումը երկու գործողությամբ է: Թատերագրության հեղինակը եւ բեմադրիչը նույն իքնը Մարի Ռոզ Աբուսեֆյանն է:
Այս մասին հայտնում են «Արմմոնո» փառատոնի մամուլի ծառայությունից:
Նա առաջին դերասանուհին է, ով հայ բեմ բարձրացրեց մեկ դերասանուհու կատարումը, միաժամանակ հեղինակ-մեկնաբան, բեմադրիչ, ինքն է ընտրում երաժշտական ձեւավորումը եւ այն ինքնատիպ կատարում: Առաջին դերասանուհին է, որ միայնակ 20 տարբեր դերերով 1987 թ. ներկայացրեց Ֆ.Վերֆելի հռչակավոր` «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Սան Ֆրանսիսկոյում մեծ հաջողությամբ է անցկացել ներկայացման առաջնախաղը: Այս ներկայացումով դերասանուհին հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում` Լոնդոն, Թորոնթո, Մոնթրեալ, Աթենք, Կիպրոս, Բեյրութ: Դերասանուհին իր թատերական կրթությունը ստացել է Երեւանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտում:
Երկար տարիներ աշխատել է Երեւանի դրամատիկական` այժմ Հ. Ղափլանյանի անվան թատրոնում: Բազմաթիվ դերեր է ստանձնել հեռուստատեսային եւ ռադիոյի գրական-թատերական հաղորդումներում, նկարահանվել է Հայֆիլմում: 1983թ-ից նա ապրում է Սան Ֆրանսիսկոյում: Հիշեցնենք, որ Մարի Ռոզ Աբուսեֆյանը անցյալ տարի Երեւանում հանդես եկավ 1915 թ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» մենաներկայացումով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան