Վերահրատարակվել է «Ալեքսանդր Մանթաշյանց: Մեծ վաճառականը և բարեգործը» գիրքը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 170-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Այդ շարքի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում, որի ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ՀԱԳ-ին կնվիրի Առաքել Սարուխանի վերահրատարակված «Ալեքսանդր Մանթաշյանց: Մեծ վաճառականը և բարեգործը» գիրքը` 160 օրինակ: 1931թ. Ալ.Մանթաշյանցի մահվան 20-ամյակի կապակցությամբ տպագրված գիրքը վերահրատարակվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի բանկերի միության հովանավորությամբ:
Գրքում ներկայացվում է Ալեքսանդր Մանթաշյանցը` որպես վաճառական և բարեգործ, նրա նախնիները, Մանթաշյանցի գործունեությունը բանկային շրջաններում և նավթային արդյունաբերության մեջ: Գրքի առանձին բաժին նվիրված է Բաքվում հայերի գործունեությանը, ներկայացվում են Բաքվում գործող հայկական կազմակերպություններ և անհատ գործիչներ, որոնցից են Ղուկասյան եղբայրները, Սահակ Տեր Գաբրիելյանը, Մկրտիչ Քալանթարյանը, Միքայել Ալիբեգյանը, Միքայել Արամյանցը, Կոնստանտին Խատիսյանը, «Բաքվի հայոց մարդասիրական ընկերությունը», «Հայկական կուլտուրական միությունը» և այլն: Գրքում ներկայացված է Մանթաշյանի կատարած բարեգործությունները հայ եկեղեցու, թատրոնի, ընդհանրապես հայկական մշակույթի և կրթության ոլորտում: Վերջում ներկայացված է Ալ.Մանթաշյանցի կտակը:
Ազգային գրադարանի միջոցով գիրքը կբաժանվի Հայաստանի գրադարաններին, դպրոցներին և մշակութային այլ օջախներին: Այս մասին հայտնում են ՀԱԳ-իհանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնից: